Հրաժարվելով արտահերթ ընտրությունների օրակարգից՝ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցությունը երկիր տանում են քաղաքացիական բախումների ու քաոսի ճանապարհով։ Սա իսկապես ազգադավ պատուհասի արկածախնդրություն է, որը պատուհան է բացում անկանխատեսելի ցնցումների համար՝ ստեղծելով անվտանգային նոր ռիսկեր։
Մի կողմից, Նիկոլ Փաշինյանի կապիտուլյանտ իշխանության քաղաքական և ինստիտուցիոնալ սնանկությունը, մյուս կողմից՝ հին համակարգի ռևանշիստական նկրտումները, երկիրը կանգնեցրել են համապարփակ ճգնաժամի անդունդին։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները գործող անփառունակ իշխանությունից ազատվելու, որակապես նոր իշխանություն ձևավորելու, կապիտուլյացիայի հետևանքները չեզոքացնելու և երկրի բնականոն զարգացումը երաշխավորող միակ լեգիտիմ գործիքակազմն են։
Հայաստանի հասարակությունն ու «Հոկտեմբերի 27-Նոյեմբերի 9» խայտառակ, փակուղային երկընտրանքից դուրս գործող բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն արտահերթ ընտրությունների անցկացման ու որակապես նոր իշխանության ձևավորման օրակարգի շուրջ։
Արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն։ Մենք իշխանություններին պարտադրելու ենք այդ օրակարգը։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը
