Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական «կամիկաձե»

Երեկ կառավարող թիմի անդամները ակտիվ հարցազրույցներ էին տալիս՝ հիմնավորելու համար, թե ինչու է չեղարկվել արտահերթ ընտրությունների օրակարգը։ Իհարկե, որոշակի խմբագրումներ տեղի ունեցան։ Օրինակ, Լիլիթ Մակունցն անդադար նշում էր, որ հարցն օրակարգից դուրս է եկել մինչև հունիս, երբ կամփոփվեն Նիկոլ Փաշինյանի «Ճանապարհային քարտեզի» արդյունքները։
Նման «խմբագրումները» ու նաև այն հանգամանքը, որ արտահերթ ընտրությունների օրակարգի չեղարկումը տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության մակարդակով ընդամենը մանևրելու հնարավորությունը պահպանելու միջոց է, այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին նահանջի փոքր պատուհան է թողնվում։
Սակայն ծիծաղելի էր ամբողջ օրը լսել, թե ինչպես է արտահերթ ընտրությունների օրակարգի ձախողումը բարդվում ընդդիմության և հասարակության ուսերին։
Օրինակ, Ալեն Սիմոնյանն ընդդիմության վարքագծի մասին ասել է․ «Իրենք չեն ուզում գնալ ընտրությունների, որովհետև գիտեն, որ լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու, իսկ վատագույն դեպքում, չեմ բացառում, որ այդ կուսակցություններից առնվազն մեկը հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում կարող է չհայտնվել: Հիմա ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիր գործիչներին համոզենք, խնդրենք, որ իրենք ընտրությունների համաձայնվե՞ն»:
Սիմոնյանն իրականում մանիպուլացնում է։
Խորհրդարանական ընդդիմությունը երբեք չի հակադրվել արտահերթ ընտրությունների գաղափարին, դեմ է եղել, որ դրանք անցկացվեն նախապայմաններով։ Ի վերջո, Սահմանադրությունը նկարագրում է արտահերթ ընտրությունների անցկացման ընթացակարգը, որտեղ խորհրդարանական ընդդիմության մասնակցությունը, մեղմ ասած, պարտադիր չէ։
Մյուս կողմից, իշխանությունն ընտրություններ պետք է անցկացներ ոչ թե ընդդիմության, այլ հասարակության հետ իր հարաբերությունները ճշտելու, հասարակության սուբեկտության մեծացմամբ երկրի վիճակը կայունացնելու նպատակով։ Եթե Նիկոլ Փաշինյանի թիմը չի գիտակցում, թե երկրի գլխին ինչ պատուհաս է բերել պատերազմի և կապիտուլյացիայի հետևանքով, հակառակ պարագայում՝ արտահերթ ընտրությունները համարելու էր իր միակ փրկօղակը, քիչ թե շատ խաղաղ ու արժանապատիվ հեռանալու միջոցը։
Երբ ՔՊ վարչության նախագահ և նախարար Սուրեն Պապիկյանն ասում է, թե իրենք հանրությունից ստացել ենք՝ «հրաժարական չտաք» արձագանքը, դարձյալ կեղծում է, որովհետև, դիցուք, հարթակային ընդդիմության հանրահավաքների սակավամարդությունը հուշում է ոչ թե իշխանության վստահության, այլ՝ նախկինների նկատմամբ հանրային աջակցության բացակայության մասին։ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, «արգելափակվել» է կառավարության շենքում կամ կառավարական ամառանոցում և «իզգոյացված» կարգավիճակում չի կարող ստանալ հանրային ազդակներ։
Երբ ընդդիմության հեղափոխության օրակարգը ձախողվում է, իսկ իշխանությունը հրաժարվում է քաղաքական ճգնաժամը հաղթահարել սահմանադրական մեխանիզմով, ապա ճանապարհ է բացվում բռնության, ռադիկալիզմի առաջ։
Նիկոլ Փաշինյանը դարձել է քաղաքական «կամիկաձե» ու թիրախավորել է ոչ միայն իրեն, այլ նաև՝ երկիրը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր