Site icon politcom

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը դարձավ «Սերժ Սարգսյան»

Արտահերթի էջը փակելու իշխող ուժի քայլը դատապարտել են մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնք հեղափոխության ժամանակ սատարել են Փաշինյանին։
Քաղաքացիական հասարակությունը պահանջում է, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը գիտակցի պետության և քաղաքացու շահն ու վերադառնա արտահերթ ընտրությունների օրակարգին։
Նիկոլ Փաշինյանը հազիվ թե ականջալուր լինի քաղհասարակության հորդորներին ու հետևողականորեն շարժվում է «Սերժ Սարգսյան» դառնալու ճանապարհով։ 2018-ի «Սերժ Սարգսյան» դառնում են, երբ իշխանության վերարտադրությունը դառնում է ինքնանպատակ ու այրվում են բոլոր կամուրջներն իրականության և ադեկվատության հետ։
Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների օրակարգը չեղարկեց ոչ այն պատճառով, որ իր նախաձեռնությունն իբրև թե չարժանացավ խորհրդարանական ընդդիմության աջակցությանը, կամ, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա։
Փաշինյանը հստակ հասկանում է, որ արտահերթ ընտրությունների պարագայում կորցնելու է իշխանությունը ու սարսափում է այդ հեռանկարից։ Արտահերթ ընտրությունների օրակարգի չեղարկման հարցում Փաշինյանի միակ դաշնակիցը նրան սատարող խորհրդարանական մեծամասնությունն է, որի պատգամավորների մեծ մասը վստահ է, որ նոր ընտրությունների պարագայում կորցնելու է մանդատը, պատգամավորական կոմֆորտը։
Ահա, թե որն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ «Սերժ Սարգսյան»։ Հեղափոխությունից նույնիսկ երեք տարի չանցած։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version