«Սուպեր մամային»՝ սովորական մամայից

Երբեք չեմ հասկացել, չեմ ընդունել ցանկացած արգումենտ կամ արդարացում, երբ խոսքը վերաբերել է երեխաների հետ կապված որևէ խնդրի։ Առանց այն էլ պատերազմը խլեց մեր երեխաների երազանքներն ու մանկությունը, խլեց և զրկեց շատերին ծնողի սիրուց ու գուրգուրանքից, բայց դա պատերազմ էր․․․․․․
Իսկ ի՞նչ ենք մենք տալիս մեր երեխաներին կամ ինչի՞ց ենք զրկում նրանց։ Կարծում եմ, բոլորդ կհամաձայնեք, եթե պատահաբար կամ միգուցե մտածված այցելեք Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 1-ին շղթայի շենքերի հարևանությամբ գտնվող այգին։ Այստեղ տեղակայված մանկական խաղասրահը և այնտեղ տեղադրված խաղային ատրակցիոնները, կարծես, պատերազմ են անցել և նման են անհույս հաշմանդամների և եթե որևէ երեխա փորձի օգտվել դրանցից կամ մի ակնթարթ մատնվի անուշադրության, վստահեցնում եմ, որ ձեռք կբերի, եթե ոչ կոտրվածքներ, ապա, անպայման, վնասվածքներ, որոնք, մեղմ ասած, զարմանք կառաջացնեն ցանկացած բուժհաստատությունում, երբ փորձես ներկայացնել պատճառը։
Երբ դիմում ես քաղաքապետին վթարային շենքի հետ կապված հարցով, քեզ պատասխանում են, որ հարցը իր իրավասություններից դուրս է։ Հետաքրքիր է պարզապես, եթե դիմես քաղաքապետին խաղահրապարակի և դրա «պայթած» վիճակի ու գոնե այս պլաստմասե բեկորները վերացնելու կամ նորով փոխարինելու հարցով, ի՞նչ պատասխան կտա մեր «բազմավաստակ» քաղաքապետը։
Այսպիսով, հարգելի պարոն Մարության, Ձեր կողմից աջ ու ձախ «ցրած» /չի բացառվում նաև բառի 2-դ տառը՝ կոշտ «ռ»-ով / բազմաթիվ խնդիրների մեջ կարևորեք ամենակարևորը՝ մեր երեխաներին վերաբերող հարցերը, քանի որ առանց այն էլ ձեր՝ ներկայիս իշխանության ապիկար կառավարման հետևանքով նրանց եք թողնում «տրաքած» խաղահրապարակներ և պետություն, որը նման է այս պլաստմասե ջարդոններին։
Ձեզ է դիմում «ոչ սուպեր», այլ սովորական երևանցի մամա։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր