Site icon politcom

Փաշինյանի հերթական ոտնձգությունը, այս անգամ՝ ԲՈւՀ-երի դեմ

Ձայների 77 կողմ, 35 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովն քիչ առաջ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ:
Խորհրդարանական մեծամասնության գրեթե կոնսոլիդացված քվեարկությունը կասկածի տեղ չի թողնում, որ նախագիծն ընդունվելու է ամբողջությամբ։
Օրենքի նախագծում տեղ է գտել մի դրույթ, որն այս օրերին ամենաշատն է քննադատվում։ Ըստ այդ դրույթի, կրթության նախարարն է 5 տարի ժամկետով ռեկտոր ու տնօրեն նշանակում։
Նման օրենքի ընդունումը հերթական քայլն է, որը բնութագրում է գործող իշխանության ավտորիտար նկրտումները։ Կառավարությունը՝ պատերազմի հետևանքները վերացնելու, հասարակության կոնսոլիդացմանն ուղղված քայլեր կատարելու փոխարեն, հետևողականորեն փորձում է տոտալ վերահսկողություն հաստատել բոլոր բնագավառներում՝ հույսը դնելով վարչական ռեսուրսի կամ ռեպրեսիվ մեթոդների վրա։ Վերջերս ընդունվեց դատական համակարգը վերահսկելի դարձնելու օրենսդրական վիճահարույց փաթեթ, հիմա հերթում ԲՈւՀ-երն են։
ԵՊՀ Գիտխորհուրդը առաջիններից մեկն էր, որ խայտառակ կապիտուլյացիայից հետո պահանջեց Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը։ Իշխանության «օպերատիվ» արձագանքը չուշացավ։
Եթե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ԲՈւՀ-երը հնազանդեցվում էին ավտորիտար կառավարմամբ, «կոմսոմոլային» Ուսխորհուրդներով, ապա Փաշինյանը դա մտադիր է անել օրենսդրական կարգավորումներով։
Սա նահանջ է դեմոկրատիայի սկզբունքերից և հուսանք, որ ԲՈւՀ-երը կընդվզեն՝ պայքարելով իրենց ինքնավարության, ակադեմիական ազատության համար։
Խնդիրն ունի քաղաքական, կրթական բաղադրիչներ։
Իշխանությունից, քաղաքական կոնյուկտուրայից կախված բուհական համակարգում չի կարող ձևավորվել քաղաքացիական ազատ հասարակություն, միջավայր, որը բնորոշ է դեմոկրատական երկրներին։
Առանց ակադեմիական ազատության՝ հնարավոր չէ պատկերացնել կրթության բարձր որակ, մեր բարձրագույն կրթության ինտեգրում համաշխարհային կրթական համակարգին։
Փաշինյանը ձեռնոց է նետել կրթական համակարգին, գնդակը գտնվում է պրոֆեսորա-դասախոսական կազմի, ուսանողության դաշտում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version