Site icon politcom

Ընդդիմության շտապ հավաք․ ո՞րն է խնդիրը

«Հայրենիքի փրկության շարժման» ազդարարված հանրահավաքը կայանալու է փետրվարի 20-ին, սակայն այսօր ցերեկ հարթակային ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մեր հայրենակիցներին Ազատության հրապարակ հրավիրեց արդեն վաղը, ժամը 15-ին։
Մանուկյանի տեքստում կարծես ակնարկ կա շտապ հանրահավաք անցկացնելու պատճառի մասին, համենայն դեպս՝ կենտրոնական տեղ է վերապահված Սյունիքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին։
«Իշխանությունները կայացրել են որոշում, որ այսուհետ Սյունիքի որոշ հատվածներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը:
Երեկ նաև հայտնի դարձավ, որ կա գաղտնի փաստաթուղթ, ըստ որի ի վնաս Հայաստանի որոշվում են Սյունիքի սահմաններն ու նրանով անցնող կոմունիկացիաները: Ի՞նչ այլ գաղտնի և անօրինական փաստաթղթեր կան ստորագրված, դեռևս պարզ չէ:
Կանցնի ժամանակ, և ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը, մի օր կարթնանանք ու կպարզենք, որ այլևս չունենք Սյունիք»,- կարդում ենք ընդդիմության միասնական վարչապետի տեքստում:
Ըստ շրջանառվող լուրերի, գոյություն ունի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև ստորագրված կամ ստորագրման նախապատրաստված հուշագիր, որի առաջին կետով Ադրբեջանին է հանձնվել Սանասարի (նախկին Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 10 եռակողմ հայտարարությամբ չպետք է հանձնվեին Ադրբեջանին
Փաստաթղթով նաև կարգավորումներ են տրված Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված հարցերին։
Այս հուշագրի գոյությունը երեկ ԱԺ-ում անուղղակիորեն հաստատեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, իհարկե՝ խոսելով ոչ թե փաստաթղթի, այլ՝ պայմանավորվածությունների մասին։
Սա առի՞թ է ընդդիմության հրատապ հանրահավաքի համար։
Իհարկե՝ այո, որովհետև երկրի շահերի դեմ գործող իշխանությանը չի կարելի հանդուրժել նույնիսկ մեկ օր։ Մյուս կողմից, «Փրկության շարժման» գործունեությունը «արտակարգ» պետք է լիներ նոյեմբերի 9-ից սկսած, սակայն մենք տեսել ենք, որ հարթակային ընդդիմությունն իր գործողություններն ավելի շատ հարմարացրել է ոչ թե մեր հասարակության տրամադրություններին, այլ մոսկովյան օրակարգերի։
Ի վերջո, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիային, եռակողմ հայտարարությանը հստակ իրավա-քաղաքական գնահատական չի տրվել նաև «Հայրենիքի փրկության շարժման» կողմից, ինչը մտավախություններ է ծնում, որ հարթակի ընդդիմությունը վաղը ևս հնչեցնելու է շատ լեգիտիմ ու արդարացի պահանջներ, սակայն խորքային իմաստով պայքարելու է ոչ թե պատճառների, այլ հետևանքների դեմ։
Սա է եղել երեք ամսվա ընդդիմադիր գործունեության արդյունքը, ինչի հետևանքով «փրկվել» է ոչ թե հայրենիքը, այլ Փաշինյանը։ Հենց սա է պատճառը, որ մեր հազարավոր, տասնյակ հազարավոր քաղաքացիներ կարծում են, որ «Հայրենիքի փրկության շարժման» «հրատապ» սրացումները և «հերթական» պասիվացումները չունեն քաղաքական ողջամիտ բացատրություն ու թելադրված են Մոսկվայից, որն ընդամենը «կոմֆորտ» է ապահովում ռուս-թուրքական համաձայնությունները հետևողականորեն կյանքի կոչող Նիկոլ Փաշինյանի համար։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version