Site icon politcom

Ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ ունի Փաշինյանն Ալիևի հետ․ սկանդալային բացահայտումներ

Օրերս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր էջում հրապարակել էր հայ-ադրբեջանական հուշագիր, որտեղ նշված են որոշակի սկզբունքներ, սահմաններ։
«Հայրենիքի փրկության շարժման» մեկ այլ ներկայացուցիչ՝ Գառնիկ Իսագուլյանը, կայքերից մեկին ասել էր, թե իբրև գաղտնի պայմանավորվածությամբ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնելու Սյունիքի մոտ 50 բնակավայր։
ԱԱԾ-ն երեկ մի հաղորդագրություն տարածեց, որով ավելի խորացրեց կասկածները, որ Սյունիքի մարզում տեղի են ունենում ինչ-որ զարգացումներ, որոնք իշխանությունը մտադիր է ծածուկ պահել հասարակությունից։ ԱԱԾ սահմանապահ զորքերը տեղեկացնում են, որ այսուհետ Սյունիքի սահմանամերձ տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով ԶԼՄ–ները պետք է ունենան ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։
Սա իրոք արտառոց երևույթ է ու նաև անհասկանալի է, թե ի՞նչ պետական գաղտնիքի կամ ստվերային պայմանավորվածության մասին կարող է խոսք լինել, որին փաստացի տիրապետում է Ադրբեջանը, սակայն, որի մասին չպետք է տեղեկացվի մեր հասարակությունը։
Երեկ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ թեման արծարծվեց, սակայն բոլորիս մտահոգությունները ոչ թե փարատվեցին, այլ հակառակը՝ ահագնացան։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ փաստացի հաստատել է, որ նոյեմբերի 10-ի ու հունվարի 11-ի հայտարարություններից բացի՝ գոյություն ունի այլ պայմանավորվածություն ևս, որի մանրամասները, սակայն, չի բացահայտել։ «Բացի հայտարարություններից, որոնք արվել են, և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին վերաբերող, քանի որ ճանապարհը վիճարկելի հատվածներով էր անցնում։ Բացի մյուս հայտարարություններից՝ միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»,-ասել է փոխվարչապետը։
Եթե ուշադրություն դարձրեցիք, Հայաստանի կապիտուլյացիայի միտումն ավելի է խորանում ու Փաշինյանն արդեն զիջումներ է անում ոչ միայն նոյեմբերի 10-ի փաստաթղթի տրամաբանությամբ, այլ նաև՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին։
Որևէ մեկս երաշխիք անգամ չունի, որ սրանով Փաշինյանի գաղտնի կամ, ինչպես ինքն է ասում, բանավոր պայմանավորվածությունները սահմանափակվում են։
Ակնհայտորեն, գլոբալ առումով՝ գործ ունենք ռուս-թուրքական համաձայնությունների հետ, որոնք անվերապահորեն կատարվում են Փաշինյանի կողմից, ինչի հաշվին էլ նա պահպանում է իր իշխանությունը։ Փաշինյանը փաստորեն սեփական իշխանությունը երկարաձգում է Հայաստանի ու նրա կենսական շահերի հաշվին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version