Site icon politcom

Փետրվարի 20-ի «ռեպետիցիան» չստացվեց․ «Հայրենիքի փրկության շարժումը» բարեփոխվելու ռեսուրս չունի

Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ այսօր հանրահավաք չէ, հանրահավաքը փետրվարի 20-ին է լինելու: «Այս հավաք-քննարկումը որևէ կապ չունի «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հետ: Այսօր ուղղակի հրավիրել եմ ժողովրդին՝ միասին հարցեր քննարկելու: Սա իմ անձնական նախաձեռնությունն է»,-ասել է Մանուկյանը:
Հարթակային ընդդիմության միասնական թեկնածուն այլ բան չէր էլ կարող ասել, քանի որ հրատապ հանրահավաքը, մեղմ ասած, չստացվեց թե սակավամարդության և թե բովանդակային առումով։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն՝ ապիկար քաղաքականության հետևանքով, ամբողջովին ձախողվել է ու պետք է հեռանա։ Մեր հասարակության մեծամասնությունն այս կարծիքին է, սակայն լուզեր իշխանության հեռացումը ձգձգվում է հենց այն պատճառով, որ հարթակում չկա ավելի որակյալ ընդդիմություն։ Մենք իրապես ինստիտուցիոնալ այլընտրանքի դեֆիցիտ ունենք ու «Հայրենիքի փրկության շարժումով» այս խնդիրը չի լուծվելու։ Մեր հասարակությունն ամեն օր ավելի է համոզվում թե գործող իշխանության և թե հարթակային ընդդիմության քաղաքական սնանկության հարցում։
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը երեկ «Հայրենիքի փրկության շարժման» մոդեռնիզացիայի անհրաժեշտության մասին էր գրել։ Քաղաքագետի գրեթե բոլոր մտքերի հետ համաձայն եմ, ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ «Հայրենիքի փրկության շարժումը» բովանդակային վերափոխման պոտենցիալ չունի։
Այսօրվա աննպատակ «արտահերթ» հավաքը, որը չուներ օրակարգ, միայն հաստատում է իմ պնդումը։
Նախ, «Հայրենիքի փրկության շարժումը» ձևավորվել է «բլից-կրիգային» տրամաբանությամբ ու ավելի տևական պայքարի ձևաչափ չէ՝ ինստիտուցիոնալ, նաև արժեքային առումով։
Երկրորդ, նույնիսկ Փաշինյանի ձախողված թիմին հեռացնելու համար անհրաժեշտ է այլընտրանքային ծրագիր, որը հարթակային ընդդիմությունը չունի և չի կարող ունենալ։ Նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ շարժումը չունի այլընտրանքային որևէ դիրքորոշում։
Ինստիտուցիոնալ այլընտրանքի բացակայությունը «Հայրենիքի փրկության շարժմանը» նույնացրել է հին համակարգի ռևանշիստական նկրտումների հետ ու թերևս, այդ պատճառով մինչև ականջները Փաշինյանից հիասթափված հասարակությունը չի գնում նաև հրապարակ, որտեղ օրակարգ են թելադրում ուժեր, որոնք երկու-երեք տարի առաջ մերժվել են հասարակության կողմից։
Բացի այդ, հարթակային այսօրվա ընդդիմությունը չկարողացավ ձերբազատվել «Մոսկվայից տղա բերելու» արատավոր մտայնությունից ու հասարակությունը դարձյալ որակական որևէ տարբերություն չի տեսնում Մոսկվային ամբողջովին «տրված» Փաշինյանի ու իր հերթին սպասող ընդդիմության միջև, որն իր հաջողության բանալին դարձյալ համարում է ռուսական «դաբրոն»։
Փետրվարի 20-ի «ռեպետիցիան» այսօր չստացվեց։ Հայաստանում ճգնաժամի մեջ է ոչ միայն իշխանությունն, այլ նաև՝ ընդդիմությունը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version