Site icon politcom

Իշխանության անսպառ ցինիզմը

Բանական մարդու համար ակնհայտ էր, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը պետք է լուծվեր դեռ կորոնավիրուսային ճգնաժամի օրերին, երբ ակնհայտ դարձավ, որ այս մարդը, մեղմ ասած, իր տեղում չէ։
Բայց Նիկոլի թվի Հայաստանը քաղաքական օրինաչափություններով չի ապրում, ինչի հետևանքով Թորոսյանը առողջապահության նախարարի պաշտոնից հեռացավ միայն նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից հետո՝ թեև ուղղակի պատասխանատվություն դրա համար չէր կրում։ Ասում եմ՝ հեռացավ, որովհետև տպավորությունն է այնպիսին, որ նրան պաշտոնակ չարեցին կամ տուն չուղարկեցին՝ որպես ձախողված պաշտոնյա, այլ նշանակեցին շատ ավելի պատասխանատու պաշտոնում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ընդ որում՝ հնարավորություն տալով, որ մարիոնետ նախարարի միջոցով պահպանի իր ազդեցությունը նաև առողջապահության նախարարությունում։
Ես չեմ զարմանում, որ այս իշխանության մեջ Արսենի տեսակը «սուպեր» է, որովհետև նա մարմնավորում է Փաշինյանի թիմի հավաքական կերպարը՝ իր ցինիզմով, դիլետանտիզմով։
Ամիսներ առաջ Արսենի ցինիզմի զոհերն էին դառնում միայն առողջապահության համակարգի հետ շփվող հազարավոր մարդիկ, այսօր նրա քաղաքական կալիբրը մեծացել է ու հետևաբար՝ նաև «զոհերի» աշխարհագրությունը։
Երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում նա ընդունել է գերեվարված, անհետ կորած մեր հայրենակիցների հարազատներին ու մուննաթ է եկել և իրեն բնորոշ ցինիզմով ասել է, թե գոհ եղեք, որ հինգ գերու բերել ենք:
Նման մտածողություն ունեցող մարդն ընդհանրապես չպետք է բարձրաստիճան պաշտոնյա լիներ կամ գոնե նման հայտարարությունից հետո պետք է անհապաղ պաշտոնանկ արվեր։ Բայց Արսենը շարունակում է վայելել Նիկոլ Փաշինյանի վստահությունը, որովհետև նրա ցինիզմը մեր իշխանության հավաքական բնութագրիչն է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version