«Անտեղյակ» նախարարը․ սպասվում է Արա Այվազյանի հրաժարականը

Ես միայն տեղյակ եմ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից․ երեկ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նոր հայտարարության մասին էր խոսում ԱԺ-ում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը նրա խոսքով, վերաբերում էր Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածին:
Հարցին, թե ինչպես է ստացվում, որ տեղյակ չէ, նախարարն ասել է, որ այդ հարցին արդեն պատասխանեց՝ կրկնելով. «Ես ասացի՝ տեղյակ եմ միայն նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարություններից»: Հարցին, թե մտահոգիչ չէ՞, որ ԱԳ նախարարն է ու տեղյակ չէ այդ փաստաթղթի մասին, Արա Այվազյանն ասաց. «Արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանատու է արտաքին ոլորտի վերաբերյալ և պատասխանատու է այդ մասով, մեր ոլորտին վերաբերող գործառույթները մենք կատարում ենք լիարժեք»:
Սկսենք նրանից, որ Այվազյանն, ըստ էության, անգրագիտությամբ է աչքի ընկել, որովհետև հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող հարցը չի կարող չվերաբերել նրա իսկ ձևակերպմամբ՝ արտաքին ոլորտին։ Մյուս կողմից, դժվար է աշխատել Նիկոլ Փաշինյանի կաբինետում և չտրվել նման էժանագին «կռուտիտների» դիմելու գայթակղությանը։
Մարդկայնորեն ես հասականում եմ Այվազյանին, որովհետև շատ հնարավոր է՝ նա, հազարավոր քաղաքացիների նման, առաջին անգամ Ավինյանից իմացավ նոր գաղտնի համաձայնության մասին և շոկային վիճակում է՝ չիմանալով ինչպես արձագանքել մի գործարքի, որն ուղղակիորեն վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Իհարկե, եթե Արա Այվազյանը չի ստում և իրապես տեղյակ չէ Սյունիքին վերաբերող գաղտնի հուշագրին, ապա անմիջապես պետք է հրաժարականի դիմում ներկայացնի, նույնիսկ, եթե համաձայն է փաստաթղթի բովանդակությանը։ «Անտեղյակ» ԱԳ նախարարը չի կարող մնալ կաբինետում․ այդպես է ամբողջ աշխարհում, որովհետև եթե ԱԳ նախարարին տեղյակ չեն պահում շատ կարևոր արտաքին քաղաքական փաստաթղթի մասին, ապա նրան պարզապես չեն վստահում։
Հիշենք թեկուզև Զոհրաբ Մնացականյանի պատմությունը, որը հրաժարականի դիմում ներկայացրեց այն բանից հետո, երբ հրապարակավ խոստովանեց, թե տեղյակ չի եղել նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթի մասին։
Սակայն խնդիրը գուցե ավելի խորքային է ու հանգում է պարզ մի ենթադրության, որ մեզ ընդհանրապես ԱԳ նախարարություն պետք չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանն այնքան է նվազեցրել Հայաստանի սուբեկտությունը, որ անվերապահորեն կատարում է բոլոր հրահանգները, որ գալիս են Մոսկվայից։ Այլ խոսքով, բանակցում են Պուտինը, Ալիևը, Էրդողանը, իսկ Փաշինյանն ընդամենը կատարում է նրանց պայմանավորվածությունները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր