Site icon politcom

Ծառուկյանի կարևոր, բայց կիսատ քայլը

Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը բացառված է․ այս մասին «Հրապարակին» տված հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Գագիկ Ծառուկյանն ասել է, որ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է` մինչև չլինի նրա հրաժարականը, այդ հարցը չի կարող քննարկվել. «Իսկ եթե լինեն արտահերթ ընտրություններ,ապա ԲՀԿ֊ն մասնակցելու է միայնակ` առանց դաշինքի»։
Ծառուկյանն, ըստ էության, կարևոր հայտարարություն է արել՝ հրապարակային խոսքի շեշտադրումներով հակադրվելով մի կողմից, «Հայրենիքի փրկության շարժմանը», մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանին, որը մինչ այդ նույնպես հայտարարել էր արտահերթ ընտրություններին մասնակցության մասին՝ առնվազն ակնկալելով, որ իր շուրջ է տեղի ունենալու քաղաքական, հանրային կոնսոլիդացիան։
Ծառուկյանն առնվազն հասկացնում է, որ Քոչարյանի կոնֆիգուրացիան իրեն առանձնապես գրավիչ չէ՝ թեև ուղղակի այդ մասին չի հայտարարում։
Սակայն ավելի էական են Ծառուկյանի և «Հայրենիքի փրկության շարժման» վարքագծային տարբերությունները։
Բանն այն է, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հենց երեկ վերահաստատեց այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք արտահերթ ընտրությունները բացառում է կամ դրանք անիմաստ է համարում(Ծառուկյանի խոսքում նման ռադիկալ վերապահում չկա)։ «Մենք կորցնելու ոչինչ չունենք․․․ բացարձակ նշանակություն չունի՝ ոնց կլինի իշխանափոխությունը»,- երեկ հայտարարել է Մանուկյանը։
Վերջինս, անշուշտ, սեփական դիրքորոշում արտահայտելու իրավունք ունի, սակայն «միասնական թեկնածուի» կարգավիճակը հուշում է, որ նրա ցանկացած խոսք կարող է դիտվել՝ որպես ձևաչափի հավաքական կարծիք, մանավանդ, եթե շարժման կուսակցությունները հրապարակավ չեն արտահայտում իրենց անհամաձայնությունը Մանուկյանի հետ։
Հենց այս իմաստով եմ ասում, որ Ծառուկյանի երեկվա խոսքը կիսատ էր։ ԲՀԿ առաջնորդի խոսքը կարող է քաղաքական կապիտալիզացիայի ենթարկվել միայն այն պարագայում, երբ նա հայտարարի, որ ԲՀԿ-ն սահմանազատվում է «Հայրենիքի փրկության շարժումից»։
Հակառակ պարագայում՝ հնարավոր չէ հարցազրույցի շեշտադրումներով սահմանազատվել հարթակային ընդդիմությունից, սակայն փետրվարի 20-ին հարթակում նույնանալ մարդկանց հետ, որոնք կողմ են իշխանության փոփոխության ոչ լեգալ մեթոդներին։ Հակասության այդ կծիկը պետք է քանդվի, այլ խոսքով, ԲՀԿ-ն կամ պետք է դառնա ինքնուրույն ընդդիմադիր բևեռ՝ իր օրակարգով ու տպավորիչ հեռանակարով, կամ՝ կկլանվի հին համակարգի ռևանշիստական օրակարգի կողմից։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version