Site icon politcom

ԱԳ նախարարի անզգույշ հայտարարությունն ու դրա «հայրենասիրական» արձագանքը

Թուրքիան այլևս որևէ պատճառ չունի փակ պահելու Հայաստանի հետ սահմանը, խորհրդարանում կառավարության անդամների հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Արա Այվազյանը՝ ըստ էության ակնարկելով, որ Հայաստան-Ադրբեջան ճանապարհների սպասվող վերագործարկումից հետո պաշտոնական Երևանը շահագրգռված է, որպեսզի Թուրքիայի հետ սահմանը վերաբացվի։

Միևնույն ժամանակ արտգործնախարարն ընդգծել է՝ հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցով ներկայում Թուրքիայի հետ բանակցություններ չեն ընթանում. «Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և նախ և առաջ խոսքը գնում է, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը: Ինչպես գիտեք, շրջափակումը` սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում տեղի ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ: Այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը և մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր են գործադրելու, որպեսզի մեր շուրջը, մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր Հայաստանի անվտանգության ամրապնդման համար»:

Սա դարձավ անցած շաբաթվա ամենաքննարկվող ու քննադատվող հայտարարություններից մեկը։

Արա Այվազյանի հայտարարությունը, մեղմ ասած, վիճելի է, հատկապես՝ շեշտադրումների առումով։ Սա այն դեպքն է, երբ նույնիսկ ռացիոնալ գաղափարն արժեզրկվում է դիվանագիտական անհրաժեշտ հմտություններ և որակ չունեցող պաշտոնյայի կողմից։

Այվազյանի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան լեգիտիմ իրավունք է ունեցել փակ պահելու հայ-թուրքական սահմանը, այլ խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների ճգնաժամի պատասխանտու է «նշանակվում» Հայաստանը։ Նույն տրամաբանությամբ լեգիտիմացվում է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը ու դրա հովանավորությունը Թուրքիայի կողմից։

Սակայն եթե վերանանք Այվազյանի ոչ այնքան հաջող ձևակերպումներից, ապա տարածաշրջանում ստեղծված նոր ստատուս-քվոն իրապես օրակարգ է բերելու հայ-թուրքական հարաբերությունների հարցը, որտեղ անշուշտ, միակ բաղադրիչը ԼՂ խնդիրը չէ։ Ի դեպ, երկու երկրների հարաբերությունների հեռանկարի մասին ակնարկներ, նույնիսկ՝ հրապարակային հայտարարություններ հնչում են նաև Անկարայից, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով։

Այվազյանին կարելի է անվերջ քննադատել կամ բռնել նրա հայտարարության թույլ և խոցելի տեղից, սակայն ակնհայտ է, որ Հայաստանում քաղաքական դիսկուրս է անհրաժեշտ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ։ Ընդ որում, ոչ թե զգացմունքային հարթության վրա, այլ՝ պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից։

Հայ-թուրքական ուղիղ երկխոսությունը, մեծ հաշվով, այլընտրանք չունի, եթե, իհարկե, մեր քաղաքական համակարգը համարում է, որ Հայաստանն ինքնիշխան երկիիր է, ոչ թե՝ ռուսական պրոտեկտորատ, որի փոխարեն արտաքին հարաբերությունները պետք է կարգավորի բացառապես Մոսկվան։ Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները որևէ մեկը չի վիճարկում, սակայն ռուսական պրոտեկտորատի կարգավիճակը երբեք չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը և վերջին պատերազմն ու պարտությունը հենց դրա մասին էին։

Հայաստանը պետք է վարի հավասարակշռված, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, մի կողմից, չվտանգելով հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, մյուս կողմից՝ անվտանգության ապահովման և զարգացման լրացուցիչ գործիքներ ստեղծելով։ Կամ մենք կգիտակցենք այս ճշմարտությունը, կամ դատապարտված ենք մշտապես լինել մանրադրամ տարածաշրջանային առաջատարների հարաբերություններում՝ անիծելով մեր դառը ճակատագիրը։

Մեր քաղաքական համակարգը՝ իր հիմնական սեգմենտներով, երկրորդ սցենարի ջատագովն է։ Ցավոք։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version