Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 12-ին առաջին անգամ հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար հարցեր։ Ներկա են եղել նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը։
Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի չէ նաև, թե ով է եղել Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը, ինչն արդեն շահարկումների ու տարբեր վարկածների տեղիք է տվել սոցիալական ցանցերում։ Որոշ օգտատերեր գրում են, թե Հարությունյանը հանդիպել է Ալիևի նշանակած պաշտոնյայի հետ, որը զբաղվում է Արցախի օկուպացված տարածքների կառավարմամբ։