Site icon politcom

Սերժ Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը

Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հեռուստաընկերությունը հրապարակել է անոնսը՝ հայտնելով, որ Սերժ Սարգսյանը խոսել է կապիտուլյացիայի պատճառների, ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների, ապագային միտված ծրագրերի մասին:
Սխալված չեմ լինի, եթե արձանագրեմ, որ Սերժ Սարգսյանի հարցարզրույցն այսօրվա ամենասպասված իրադարձությունն է, մանավանդ, որ այն լայնորեն գովազդվում է երրորդ նախագահի թիմի կողմից։ Իհարկե, թիմի մոտիվները տարբեր կարող են լինել, մանավանդ, Հայաստանում հիմա քաղաքական բազմաշերտ դիմակայություն է, որն անցնում է ոչ միայն իշխանություն-ընդդիմություն սահմանով, այլ նաև՝ հին համակարգի սեգմենտների միջև։ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ակտիվացումից հետո Սերժ Սարգսյանի հարցազրույցը սպասելի էր, որովհետև՝ եթե նույնիսկ նրանց միավորում է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի անհրաժեշտությունը, միևնույն է՝ երկու նախկին նախագահների միջև հակասությունը չեղարկված չէ։
Սերժ Սարգսյանի հարցազրույցը հանգամանլից կվերլուծենք նրա ամբողջական տարբերակի հեռարձակումից հետո։
Սակայն հարցազրույցի անոնսում մի ուշագրավ դրվագ կա, որն առնվազն խորհելու առիթ է տալիս։
«Համանախագահ երկրներից մեկի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ինքն ինձ ուղիղ հարցրեց՝ ասաց, Սերժ, կարող ես ազնվորեն ասել, թե որն է քո նպատակը Արցախի հարցում, ուզո՞ւմ ես արդյոք խնդիրը լուծվի, թե՞ ուզում ես ստատուս քվոն պահպանվի: Ես անկեղծորեն ասացի, որ ուզում եմ խնդիրը լուծվի, ես չեմ ուզում այս խնդիրը թողնել հաջորդ սերունդների ուսերին: Հաջորդ հարցը  հետևեց՝ իսկ քո պատկերացմամբ ինչպե՞ս կարող է այս խնդիրը լուծվել»,-ասում է ՀՀ 3-րդ նախագահը:
Սերժ Սարգսյանը հավելում է, որ բացառապես այդ նպատակով է 2018-ին ստանձնել վարչապետի պաշտոնը, որպեսզի նախնական համաձայնություն կնքի Ալիեւի հետ: Դրանից մեկ շաբաթ չանցած՝ նրան պարտադրում են հրաժարական:
Վաստահաբար, սա այս հարցազրույցում Սարգսյանի ամենակարևոր հայտարարությունն է։ Եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա ստացվում է՝ Հայաստանի ներսում և արտաքին աշխարհում եղել են ստվերային ուժեր, որոնք երկրում գեներացրել են գործընթացներ «ոչմիթիզհողականության» նշանաբանով ու, ըստ էության, վիժեցրել են խաղաղության գործընթացը՝ հող նախապատրաստելով պատերազմի համար։ Այլ խոսքով՝ կրկնվել է 1997-ի սցենարը, այս անգամ՝ փողոցում։
Հեռու ենք այն մտքից, թե այդ բարդ կոմբինացիան կարող էին իրականացնել Նիկոլ Փաշինյանն ու նրա անբովանդակ թիմը, ըստ այդմ՝ գերխնդիր է հայտնաբերել 2018-ի գործընթացի ներքին և արտաքին իրական շահառուներին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version