Site icon politcom

Վազգեն Մանուկյան+16-ին սիմվոլիզմը չի փրկի․ ընդդիմության նոր որակի պահանջ

 

«Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը: Ես ինքս ամեն օր գոնե երկու ժամ (5-ից 7-ը) կլինեմ այստեղ, իմ գործընկերները կլինեն այստեղ: Այստեղ նույն գաղափարը, նույն սիրտն ունեցող մարդիկ իրար պետք է հանդիպեն, իրար ուժ տան ու միասին գործ անեն»,- «Հայրենիքի փրկության  շարժման» այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ այս մասին Վազգեն Մանուկյանը հայտարարել էր փետրվարի 12-ին՝ Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ:

Վազգեն Մանուկյանն այսօր, իր խոստմանը համաձայն, եկել էր Ազատության հրապարակ։ Ավելին, հարթակային ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն այսօր հնչեցրել է իրենց հիմնական խնդիրը։ Նա ասել է, թե փետրվարի 20-ին ոստիկանությունը ուժ չի կիրառի, որովհետեւ այնքան մեծ հանրահավաք կլինի, որ ոստիկանական ուժերը չեն հերիքի: Այլ խոսքով, հարթակային ընդդիմության խնդիրը մնում է նույնը՝ իր օրակարգի շուրջ կոնսոլիդացնել հասարակությանը և իրականացնել հեղափոխություն։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իսկապես շատ վատն է ու նրան օր առաջ փոխել է պետք։ Այս հարցում գոյություն ունի հանրային կոնսենսուս, սակայն նույն հասարակությունը չի ուզում վատ իշխանությունը փոխարինել ավելի վատ կամ նույնքան վատ իշխանությամբ։ Երկրում իշխանություն կարող է փոխել կամ հեղափոխություն իրականացնել միայն նոր որակի ընդդիմությունը։

Այդպիսի՞ն է «Հայրենիքի փրկության  շարժումը»։ Կասկածում եմ։

Սիմվոլիզմով կամ նախորդ տարիների դրական ընդդիմադիր նախադեպերով առաջնորդվելը դեռևս հաջողության գրավական չէ, եթե չունես քաղաքական բովանդակություն։

Օրինակ, արցախյան շարժման 33-րդ տարեդարձի օրը հանրահավաք անցկացնելը հրապարակին էներգետիկա չի հաղորդելու, եթե հարթակը զուրկ է կրեատիվ ռեսուրսից, «մարդկային դեմք» ունեցող ընդդիմությունից։

Եթե Նիկոլ Փաշինյանի մոտ 2018-ին ստացվել է փողոց փակելը, պարտադիր չէ, որ դա հիմա ստացվի, մանավանդ, որ գործող ընդդիմությունն առհասարակ պատկերացում չունի պայքարի, այսպես ասած, ցանցային մեթոդի մասին։

Ազատության հրապարակը շտաբ դարձնելու իմաստ էլ չկա։ Դա էլ 2008-ի համաժողովրդական շարժման գործիքակազմի մեխանիկական ընդօրինակում է։ 13 տարի առաջ դա անհրաժեշտություն էր․ ընդդիմությունն ամեն օր հավաքվում էր Հյուսիսային պողոտայում, որովհետև տեղեկատվություն ստանալու, փոխանակելու, հարցեր քննարկելու այլ հարթակներ այն ժամանակ գոյություն չունեին։ Հիմա հարթակային ընդդիմությունը վերահսկում է առնվազն երեք հեռուստաընկերություն, որոնք այս դերը հաջողությամբ կատարում են։

Այսօրվա ընդդիմությունը ֆինանսական, ինֆորմացիոն ռեսուրսների խնդիր չունի, նրան պակասում է քաղաքական բովանդակությունը։ Վազգեն Մանուկյան+16-ին սիմվոլիզմը չի փրկի, ընդդիմության նոր որակի պահանջ կա։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version