Day: February 16, 2021

ԲՀԿ ճգնաժամը․ ո՞վ կհաջորդի Գևորգ Պետրոսյանին

ԲՀԿ ճգնաժամը․ ո՞վ կհաջորդի Գևորգ Պետրոսյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս խմբակցությունից:

«Անկեղծ ասած՝ մեծ դժվարությամբ եմ կայացրել այս որոշումը:

Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջնային մանդատ կրող պաշտոնյայի թիվ մեկ առաքելությունը ցանկացած իրավիճակում երկրի ու ժողովրդի համար գերկարևոր խնդիրներին առավելագույնս արագ և համարժեք արձագանքելու պարտականությունն է, այլ ոչ թե անձնական զգուշավորության մասին հոգածությունը, ինձ համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը, ինչը պայմանավորված է խմբակցությանն անդամակցության հանգամանքով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգ Պետրոսյանը՝ ակնարկելով, որ երկար ժամանակ հարազատ կուսակցությունում քաղաքական դիսկոմֆորտում է եղել։

Պետրոսյանը ԲՀԿ նշանային դեմքերից մեկն էր՝ այն իմաստով, որ նա այդ կուսակցության հռտեորաբանության կրողն էր, թերևս, բնականորեն ամենամոտը կանգնած քաղաքական ուժի ընտրազանգվածին։

Սակայն խնդիրը ոչ ԲՀԿ-ն է, ոչ էլ նրա խմբակցությունը լքած Պետրոսյանը։

Խորհրդարանական կառավարման համակարգում անբնական է, որ մեկ տասնյակին մոտ պատգամավորներ «ինքնորոշվել» են՝ հանդես գալով «անկախ» կարգավիճակում։ Մյուս կողմից, դժվար է պնդում անել «ինքնորոշվածների» անսկզբունքայնության մասին, որովհետև դա կնշանակի իմիտացիա անել, թե իբրև Հայաստանի խորհրդարանում կամ դրանից դուրս գործող կուսակցությունները ունեն գաղափարական, արժեքային հատկանիշներ։ Դա, բնականաբար, այդպես չէ ու ամենևին էլ գաղափարական հատկանիշներով չէ, որ մադրիկ անդամագրվում են որևէ կուսակցության կամ լքում նրա խմբակցությունը։

Հայաստանի քաղաքական համակագը լուրջ վերափոխման կարիք ուներ դեռ 2018-ի իրադարձություններից հետո, սակայն մոդեռնիզացիայի փոխարեն իշխանությունները գնացին քաղաքական «սորտավորման» ու «իզմերի» բացառման սկզբունքով, իսկ իշխանությունից դուրս գործող սուբյեկտներն ընդունեցին այդ կանոնը։

Պատերազմը, դրանում արձանագրված պարտությունը քաղաքական պատասխանտվություն է հարուցելու, առաջին հերթին, իշխանության, սակայն՝ ոչ միայն նրա համար։ Ցնցումների է ենթարկվելու ամբողջ քաղաքական համակարգը, որի անկարողության ապացույցները բազմաթիվ են։

ԲՀԿ-ն քաղաքական համակարգի ճգնաժամի կիզակետում է, որվհետև «քաղաքական բուֆերի» նրա առաքելությունն այլևս պահանջարկված չէ, իսկ նոր քաղաքական նիշ կուսակցությունը գտնել չի կարողանում՝ քաղաքական, տեխնոլոգիական, կադրային մաշվածության հետևանքով։

Այս համատեքստում միանգամայն լեգիտիմ է հնչում «ո՞վ կհաջորդի Գևորգ Պետրոսյանին» հարցադրումը։

Սերժ Սարգսյանի կարևոր բացահայտումը․ ո՞վ էր ստվերից «աճեցնում» Փաշինյանի հեղափոխությունը

Սերժ Սարգսյանի կարևոր բացահայտումը․ ո՞վ էր ստվերից «աճեցնում» Փաշինյանի հեղափոխությունը

 

Ինչո՞ւ 2018-ին Սերժ Սարգսյանը հանգիստ հեռացավ՝ իշխանությունը հանձնելով Նիկոլ Փաշինյանի թիմին, արդյո՞ք Փաշինյանը եղել է Սարգսյանի պրոյեկտը։

Սրանք հարցեր են, որոնք երեք տարուց ավելի շրջանառվում են հանրային տրամադրություններում, քաղաքական տարբեր դիսկուրսներում։ Բնականաբար, Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցում այս հարցերը շրջանցվել չէին կարող։ Երրորդ նախագահի պատասխանը բազմաշերտ ու ինտրիգային էր։

«Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ հիմա Դուք արտահայտեցիք, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Ոչ, նախ՝ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց։ Տեսեք՝ ինչպիսի իրավիճակ էր ստեղծվել. ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար»,- երեկ ասել է Սերժ Սարգսյանը։

Եթե դուրս գանք ընթացակարգային ֆորմալությունից, ապա 2018-ի ապրիլի 23-ին՝ իր հրաժարականի օրը, Սերժ Սարգսյանը որևէ մեկին իշխանությունը փոխանցել չէր կարող, որովհետև այլևս փողոցն էր օրակարգ թելադրողը, մանավանդ, պետական համակարգի անգործության ու բարոյական մաշվածության պայմաններում։

Հետևաբար, երեկ Սերժ Սարգսյանն ավելի շատ պատասխանել է այն հարցին, թե ինչու իշխանությունը չի փոխանցել Կարեն Կարապետյանին, հատկապես, որ դա ամենահավանական սցենար էր համարվում 2016-ի սեպտեմբերից սկսած, երբ Կարեն Կարապետյանը Մոսկվայից գործուղվեց Երևան՝ վարչապետի կարգավիճակում Սերժ Սարգսյանի «ժառանգորդը» լինելու նպատակով։

Սերժ Սարգսյանը երեկ անուղղակիորեն պատասխանել է այդ հարցին․ նա ասել է, որ ԼՂ կարգավորման գործընթացում վտանգավոր էր «գլխավոր բանակցողին» փոխելը։

Եթե հավատանք Սերժ Սարգսյանի վարկածին, նա ԼՂ խնդիրը լուծելու հրամայականով պարտադրված՝ որոշում է կայացրել երկարաձգել իր իշխանությունը վարչապետի պաշտոնում։

Ահա և գալիս է Սարգսյանի հարցազրույցի ինտրիգային տողատակը։

Կարելի է ենթադրել, որ Կարապետյանի Երևան գործուղած մայրաքաղաքին ձեռնտու չի եղել ԼՂ խնդրի կարգավորման այն սցենարը, որը մտադիր է եղել կյանքի կոչել Սերժ Սարգսյանը(հնարավոր է նաև նույն մայրաքաղաքում վստահ չեն եղել, որ Սարգսյանը կպահի խոստումը ու կգնա ԼՂ խնդրի կարգավորմանը) կամ գուցե Կարեն Կարապետյանին չի բավարարել 2018-ի ապրիլից հետո դարձյալ իշխանությունում երկրորդը լինելու կարգավիճակը։ Համենայն դեպս, քաղաքական դաշտում բոլորը գիտեն, որ 2017-ի աշնանը Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք է բերվել ստվերային պայմանավորվածություն, որի իմաստն այն է, որ «Ելք» խմբակցությունը պետք է թիրախավորեր Սերժ Սարգսյանին՝ «կանաչ լույս» վառելով 2018-ի ապրիլի 9-ից հետո Կարապետյանի վարչապետության և ԱԺ նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության համար։

Կարապետյանը արել է պայմանավորվածությունների իր մասը՝ Փաշինյանի շարժման համար ապահովելով ռուսահայ և հայաստանյան օլիգարխիայի աջակցությունը։ Դրա շնորհիվ Փաշինյանի շարժումը դարձել է զանգվածային, ինչի հետևանքով վերջինս իքս պահին այլևս չի զգացել որևէ մեկի, այդ թվում՝ Կարապետյանի աջակցության կարիքը ու խախտել է երկկողմանի պայմանավորվածությունը։

Սերժ Սարգսյանը չէր կարող չիմանալ իր համակարգի ներսում եփված դավադրության ու դրանում Կարապետյանի մասնակցության մասին և պատահական չէ, որ իշխանությունը նրան «փոխանցել» է այն պահին, երբ «Գազպրոմի» հայտնի ներկայացուցիչն այն պահել այլևս չէր կարող։

Ահա, թե ինչ էր երեկ «բացահայտում» Սերժ Սարգսյանը։

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` անկախ պատգամավորների թվի աճը ոչ թե նոր քաղաքական մշակույթ է, այլ ավելի շուտ հակամշակույթ, որովհետև մանավանդ խորհրդարանական կառավարման պարագայում դա նույնիսկ կարելի է արտառոց երևույթ համարել։ Ըստ նրա`ընդհանրապես հասարակությունը քվե է տվել կուսակցություններին և մարդիկ պատգամավոր են դարձել կուսակցական ցուցակներով։ Այդտեղ առաջնայինը կուսակցությունն է, նրա ծրագիրն ու գաղափարախոսությունը։
«Այլ խնդիր է, որ սա խոսում է Հայաստանում կուսակցությունների չկայացվածության մասին, այսինքն` կուսակցություններն այնքան ոչ կայուն համակարգեր են, որ շատ դժվար է դրանց կազմից դուրս եկող անձանց մեղադրել սկզբունքային լինել–չլինելու մեջ, քանի որ մինչև վերջ հասկանալի չէ` կուսակցությունն ի՞նքն է սկզբունքային կամ անսկզբունքային, թե՞ շարքերից դուրս եկողները։ Գլոբալ առումով` գործ ունենք հակամշակույթի հետ, բայց Հայաստանի պայմաններում կարող ենք խոսել օրինաչափության մասին այնքանով, որքանով որ նույնիսկ խորհրդարանական կուսակցությունները Հայաստանում կայացած չեն»,– նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով անկախ դարձած պատգամավորների միավորվելու հավանականությանը` Սուրենյանցն ընդգծեց, որ Սահմանադրությունը և ԱԺ կանոնակարգ օրենքը նման հնարավորություն չեն տալիս, թեև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկած նախկին երկու պատգամավորները փորձում էին իրավական կարգավորում գտնել խնդրի վերաբերյալ։

Արտահերթ ընտրությունների պահանջ չկա․ «Իմ քայլը» աջակցում է վարչապետին և կառավարությանը

Սուրենյանցը նշեց, որ իրեն ոչ թե հետաքրքրում է խնդրի իրավական, այլ քաղաքական կողմը, ուստիև չի կարծում, որ հնարավոր կլինի խմբակցություններից դուրս եկած պատգամավորներով ձևավորել մեկ միասնական խումբ։

«Մենք գործ ունենք քաղաքական համակարգի փոշիացման հետ, ինչը բերելու է քաոտիկ երևույթների։ Ինչպես փոշիանում է պետական համակարգը, և մենք երկրում գործ ունենք կառավարման զրոյական մակարդակի հետ, հենց այդպես էլ փոշիանում է նաև քաղաքական համակարգը։ Պատերազմից հետո նման սցենար կանխատեսել էի, կապիտուլյացիայի հետևանքները շատ ծանր ու խորքային են լինելու և քաղաքական պատասխանատվությունը հարվածելու է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, այլև ամբողջ քաղաքական համակարգին, որովհետև այն գործել է իռացիոնալ հարթության մեջ»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցի կանխատեսմամբ` շատ մոտ ապագայում այլ պատգամավորներ նույնպես դուրս կգան տարբեր խմբակցություններից, բայց մենք գործ կունենանք ոչ թե ինստիտուցիոնալ վերախմբավորումների, այլ քաոտիկ երևույթների հետ։

Ըստ նրա`Հայաստանում առկա են ոչ թե կոնսոլիդացնող, այլ ապակենտրոնացնող միտումներ և ավելի շուտ հավանական է Հայրենիքի փրկության շարժման փլուզումը, քան նոր կուսակցությունների ու դաշինքների կայացումը, քանի որ քաղաքական ուժերը չեն կարողանում ադապտացվել հետպատերազմյան իրողություններին, ինչի պատճառով կորցնում են թե՛ համակիրներ, թե՛ անդամներ։

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանն այսօր` փետրվարի 16–ին, որոշել է դուրս գալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, դառնալով հերթական անկախ պատգամավորը։ Նա իր որոշման մասին գրել է Facebook–ի իր էջում` ընդգծելով, որ այլևս նպատակահարմար չի գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իր գործունեությունը:
Read more: https://armeniasputnik.am/radio/20210216/26472997/qaxaqakan-hamakargy-poshianum-e-suren-surenyanc.html

 

Սերժ Սարգսյանը նոր հարցեր ծնեց․ լրջանալու պա՞հը, թե՞․․․

Սերժ Սարգսյանը նոր հարցեր ծնեց․ լրջանալու պա՞հը, թե՞․․․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչինի) շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ շուրջ լույս նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը դարձել է Հայաստանի կողմից կապիտուլյացիայի ճանաչում և հնարավորություն է տվել Բաքվին վերադարձնել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջանները:
«Բանակցությունների ժամանակ նրանք երբեք չեն ցանկացել մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները։ Դա բանակցություններում պայմանավորվածության բացակայության հիմնական պատճառն էր։ Ցավոք, Հայաստանն ու նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին նրան, որ Ադրբեջանին վերադարձվի 5 շրջան,  Ադրբեջանը բավարարվեր դրանով, Լեռնային Ղարաբաղը որևէ մի ժամանակահատվածում անկախություն ստանար, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները մնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ»,- հայտարարել է Ալիևը` հավելելով, որ մերժել է այդ առաջարկը։
Երբ նախօրեին Ադրբեջանի նախագահը հնչեցնում էր այս խոսքերը, հազիվ թե տեղեկացված լիներ, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է ունենալու՝ խոսելով կարգավորման գրեթե նույն տարբերակի մասին ու պնդելով, որ համաձայնել է մնալ Հայաստանի վարչապետ, որ իրականացնի այդ տարբերակը, այլ խոսքով՝ համաձայնություն կնքի Ալիևի հետ։
Ալիևն ասում է՝ այդ տարբերակին դեմ է եղել, Սարգսյանը կարգավորման գնալու առաքելությունը համարում է իր վարչապետական միակ մոտիվացիան։ Այս պարագայում երկու նախագահների հակասությունը երկրորդական է, որովհետև տեղի ունեցած պատերազմը սրբագրել է շատ բան, այդ թվում՝ դեակտուալացրել է Ալիև-Սարգսյան հեռակա բանավեճը։
Սակայն վերադառնանք Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցին, որտեղ նա ներկայանում էր «ես ոչմիթիզական չեմ», «ես առավելապաշտ չեմ» ռացիոնալ թեզերով։
Սակայն այս պարագայում Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի առնվազն մի քանի հարցերի։
Այդ դեպքում նա՝ Ռոբերտ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի հետ միասին, ինչո՞ւ էր 1997-98թթ-ին վիժեցնում Լևոն Տեր-Պետրոսյանի կարգավորման ջանքերը, ավելին՝ ինչո՞ւ էր նրա թիմը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Առաջին նախագահին մեղադրում «քիրվայության» մեջ։ Ե՞րբ էր Սարգսյանն անկեղծ՝ երե՞կ, թե՞ 1998-ին կամ 2008-ին։
Ինչո՞ւ նախագահության տասը տարիներին Սարգսյանը չի գնացել կարգավորման ու դա որոշել է թողնել վարչապետության շրջանին։ Այս հարցում երեկ անկե՞ղծ էր Սարգսյանը, թե՞ ԼՂ խնդիրը դարձյալ շահարկվել է իշխանության վերարտադրության համատեքստում։
Եթե Սերժ Սարգսյանն իրապես շահագրգռված է եղել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմամբ, ինչո՞ւ է իր նախագահության շրջանում ձևավորել կառավարման մի համակարգ, որն, իր էությամբ, չէր կարող սպասարկել խաղաղության բարդ, ռացիոնալ օրակարգը։
Եթե Սերժ Սարգսյանը «ոչմիթիզականությունը» դատապարտում է, ապա ինչո՞ւ են նրա հայտնի թիմակիցները 2018-20թթ-ին Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականությունը քննադատել բացառապես «ոչմիթիզականության» դիրքերից։
Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի այս և բազմաթիվ այլ հարցերի, եթե ուզում է, որ հասարակությունը համարժեք ընդունի իր երեկվա հայտարարություններն ու բացահայտումները։

«Հաղթել ենք»․ Փաշինյանի թիմը շարունակում է գեներացնել կեղծիքը

«Հաղթել ենք»․ Փաշինյանի թիմը շարունակում է գեներացնել կեղծիքը

Երեկ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները Գյումրիում հանրահավաք են անցկացրել՝ մի քանի հարյուր մարդու ներկայությամբ։ Հայտնի քաղաքական դեմքեր ներկա չեն եղել, սակայն հանրահավաքը, այսպես ասած, նախապատրաստված է եղել, ինչի վկայությունն է դրանում պաշտոնական քարոզչության թեզերի գեներացումը։
Հարթակային ընդդիմության ներկայացուցիչները մատնացույց են անում հանրահավաքի սակավամարդությունը, սակայն դա չէ խնդիրը, մանավանդ, որ ընդդիմադիր կուսակցություններն աչքի չեն ընկնում ավելի մարդաշատ հանրահավաքների կազմակերպմամբ։
Խնդիրը բովանդակության մեջ է։
Իշխանությունն ունի լեգիտիմության և վարկանիշի կորուստ, սակայն քաղաքական լուծումներ գտնելու փոխարեն՝ փորձում է իր շուրջ հանրային կոնսոլիդացիայի պատրանք, իմիտացիա ստեղծել։ Նման ձախողված մարտավարությունը միայն խորացնում է ճգնաժամը, մանավանդ, նույն Գյումրիի երեկվա հանրահավաքը վերածվել է ծեծկռտուքի: Այս լոկալ միջադեպը նշանային է ու ճգնաժամի, հանրային անհանդուրժողականության ցուցիչ է։
Իմիտացիայի փոխարեն՝ անհրաժեշտ են քաղաքական լուծումներ։ Դրանք գտնելու հարցում է, որ դրսևորվում է իշխանության կատարյալ անկարողությունը։
Հանրահավաքային հարթակից երեկ չեն հնչել քաղաքական տեքստեր։
Պատճառը միայն այն չէ, որ հռետորները քաղաքական դեմքեր չեն եղել։ Իշխանությունը չունի քաղաքական տեքստեր, ուղերձներ ու դարձյալ մանիպուլացնում է հասարակությանը՝ «հաղթել ենք» կարգախոսն առաջին պլան բերելով նույնիսկ այն պարագայում, երբ պատերազմն ավարտվել է խայտառակ պարտությամբ, իսկ Շիրակի մարզի հինգ տասնյակից ավելի քաղաքացիներ դեռ շարունակում են մնալ գերության մեջ։
Անկարող, ապիկար իշխանությունն ուժ է տալիս հարթակային ռևանշիստական ընդդիմությանը, վերջինս՝ իր անհասկանալի օրակարգով, «կենսունակություն» է հաղորդում Փաշինյանի անբովանդակ թիմին։ Սա արդեն տոտալ ճգնաժամի ցուցիչ է։

Աննախադեպ ցուրտ՝ Մոսկվայում

Աննախադեպ ցուրտ՝ Մոսկվայում

Կանխատեսվում է, որ առաջիկա օրերին Հայաստանում արձանագրվելու է ջերմաստիճանի էական անկում, իսկ փետրվարի 18-20-ի միջակայքում սպասվում է թաց ձյուն։
Սակայն շատ ավելի ցուրտ եղանակ է սպասվում Մոսկվայում։ Արդեն այս շաբաթվա վերջին Ռուսաստանի մայրաքաղաքում արձանագրվելու է -26 աստիճան ցուրտ, սպասվում են նաև տեղումներ։

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ՉԼ եզրափակիչ խաղի պաշտոնական գնդակը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ՉԼ եզրափակիչ խաղի պաշտոնական գնդակը

Այս տարի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը տեղի է ունենալու Ստամբուլում։ Երեկ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այդ խաղի պաշտոնական գնդակը։ Իհարկե, գնդակը խաղադաշտ «կմտնի» ավելի շուտ՝ այսօր, երբ կունենան հեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-ՊՍԺ և «Լեյպցիգ»-«Լիվերպուլ» հանդիպումները։