Site icon politcom

Սերժ Սարգսյանը նոր հարցեր ծնեց․ լրջանալու պա՞հը, թե՞․․․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչինի) շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ շուրջ լույս նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը դարձել է Հայաստանի կողմից կապիտուլյացիայի ճանաչում և հնարավորություն է տվել Բաքվին վերադարձնել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջանները:
«Բանակցությունների ժամանակ նրանք երբեք չեն ցանկացել մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները։ Դա բանակցություններում պայմանավորվածության բացակայության հիմնական պատճառն էր։ Ցավոք, Հայաստանն ու նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին նրան, որ Ադրբեջանին վերադարձվի 5 շրջան,  Ադրբեջանը բավարարվեր դրանով, Լեռնային Ղարաբաղը որևէ մի ժամանակահատվածում անկախություն ստանար, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները մնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ»,- հայտարարել է Ալիևը` հավելելով, որ մերժել է այդ առաջարկը։
Երբ նախօրեին Ադրբեջանի նախագահը հնչեցնում էր այս խոսքերը, հազիվ թե տեղեկացված լիներ, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է ունենալու՝ խոսելով կարգավորման գրեթե նույն տարբերակի մասին ու պնդելով, որ համաձայնել է մնալ Հայաստանի վարչապետ, որ իրականացնի այդ տարբերակը, այլ խոսքով՝ համաձայնություն կնքի Ալիևի հետ։
Ալիևն ասում է՝ այդ տարբերակին դեմ է եղել, Սարգսյանը կարգավորման գնալու առաքելությունը համարում է իր վարչապետական միակ մոտիվացիան։ Այս պարագայում երկու նախագահների հակասությունը երկրորդական է, որովհետև տեղի ունեցած պատերազմը սրբագրել է շատ բան, այդ թվում՝ դեակտուալացրել է Ալիև-Սարգսյան հեռակա բանավեճը։
Սակայն վերադառնանք Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցին, որտեղ նա ներկայանում էր «ես ոչմիթիզական չեմ», «ես առավելապաշտ չեմ» ռացիոնալ թեզերով։
Սակայն այս պարագայում Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի առնվազն մի քանի հարցերի։
Այդ դեպքում նա՝ Ռոբերտ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի հետ միասին, ինչո՞ւ էր 1997-98թթ-ին վիժեցնում Լևոն Տեր-Պետրոսյանի կարգավորման ջանքերը, ավելին՝ ինչո՞ւ էր նրա թիմը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Առաջին նախագահին մեղադրում «քիրվայության» մեջ։ Ե՞րբ էր Սարգսյանն անկեղծ՝ երե՞կ, թե՞ 1998-ին կամ 2008-ին։
Ինչո՞ւ նախագահության տասը տարիներին Սարգսյանը չի գնացել կարգավորման ու դա որոշել է թողնել վարչապետության շրջանին։ Այս հարցում երեկ անկե՞ղծ էր Սարգսյանը, թե՞ ԼՂ խնդիրը դարձյալ շահարկվել է իշխանության վերարտադրության համատեքստում։
Եթե Սերժ Սարգսյանն իրապես շահագրգռված է եղել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմամբ, ինչո՞ւ է իր նախագահության շրջանում ձևավորել կառավարման մի համակարգ, որն, իր էությամբ, չէր կարող սպասարկել խաղաղության բարդ, ռացիոնալ օրակարգը։
Եթե Սերժ Սարգսյանը «ոչմիթիզականությունը» դատապարտում է, ապա ինչո՞ւ են նրա հայտնի թիմակիցները 2018-20թթ-ին Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականությունը քննադատել բացառապես «ոչմիթիզականության» դիրքերից։
Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի այս և բազմաթիվ այլ հարցերի, եթե ուզում է, որ հասարակությունը համարժեք ընդունի իր երեկվա հայտարարություններն ու բացահայտումները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version