Site icon politcom

ԲՀԿ ճգնաժամը․ ո՞վ կհաջորդի Գևորգ Պետրոսյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս խմբակցությունից:

«Անկեղծ ասած՝ մեծ դժվարությամբ եմ կայացրել այս որոշումը:

Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջնային մանդատ կրող պաշտոնյայի թիվ մեկ առաքելությունը ցանկացած իրավիճակում երկրի ու ժողովրդի համար գերկարևոր խնդիրներին առավելագույնս արագ և համարժեք արձագանքելու պարտականությունն է, այլ ոչ թե անձնական զգուշավորության մասին հոգածությունը, ինձ համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը, ինչը պայմանավորված է խմբակցությանն անդամակցության հանգամանքով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգ Պետրոսյանը՝ ակնարկելով, որ երկար ժամանակ հարազատ կուսակցությունում քաղաքական դիսկոմֆորտում է եղել։

Պետրոսյանը ԲՀԿ նշանային դեմքերից մեկն էր՝ այն իմաստով, որ նա այդ կուսակցության հռտեորաբանության կրողն էր, թերևս, բնականորեն ամենամոտը կանգնած քաղաքական ուժի ընտրազանգվածին։

Սակայն խնդիրը ոչ ԲՀԿ-ն է, ոչ էլ նրա խմբակցությունը լքած Պետրոսյանը։

Խորհրդարանական կառավարման համակարգում անբնական է, որ մեկ տասնյակին մոտ պատգամավորներ «ինքնորոշվել» են՝ հանդես գալով «անկախ» կարգավիճակում։ Մյուս կողմից, դժվար է պնդում անել «ինքնորոշվածների» անսկզբունքայնության մասին, որովհետև դա կնշանակի իմիտացիա անել, թե իբրև Հայաստանի խորհրդարանում կամ դրանից դուրս գործող կուսակցությունները ունեն գաղափարական, արժեքային հատկանիշներ։ Դա, բնականաբար, այդպես չէ ու ամենևին էլ գաղափարական հատկանիշներով չէ, որ մադրիկ անդամագրվում են որևէ կուսակցության կամ լքում նրա խմբակցությունը։

Հայաստանի քաղաքական համակագը լուրջ վերափոխման կարիք ուներ դեռ 2018-ի իրադարձություններից հետո, սակայն մոդեռնիզացիայի փոխարեն իշխանությունները գնացին քաղաքական «սորտավորման» ու «իզմերի» բացառման սկզբունքով, իսկ իշխանությունից դուրս գործող սուբյեկտներն ընդունեցին այդ կանոնը։

Պատերազմը, դրանում արձանագրված պարտությունը քաղաքական պատասխանտվություն է հարուցելու, առաջին հերթին, իշխանության, սակայն՝ ոչ միայն նրա համար։ Ցնցումների է ենթարկվելու ամբողջ քաղաքական համակարգը, որի անկարողության ապացույցները բազմաթիվ են։

ԲՀԿ-ն քաղաքական համակարգի ճգնաժամի կիզակետում է, որվհետև «քաղաքական բուֆերի» նրա առաքելությունն այլևս պահանջարկված չէ, իսկ նոր քաղաքական նիշ կուսակցությունը գտնել չի կարողանում՝ քաղաքական, տեխնոլոգիական, կադրային մաշվածության հետևանքով։

Այս համատեքստում միանգամայն լեգիտիմ է հնչում «ո՞վ կհաջորդի Գևորգ Պետրոսյանին» հարցադրումը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version