Site icon politcom

«Հաղթել ենք»․ Փաշինյանի թիմը շարունակում է գեներացնել կեղծիքը

Երեկ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները Գյումրիում հանրահավաք են անցկացրել՝ մի քանի հարյուր մարդու ներկայությամբ։ Հայտնի քաղաքական դեմքեր ներկա չեն եղել, սակայն հանրահավաքը, այսպես ասած, նախապատրաստված է եղել, ինչի վկայությունն է դրանում պաշտոնական քարոզչության թեզերի գեներացումը։
Հարթակային ընդդիմության ներկայացուցիչները մատնացույց են անում հանրահավաքի սակավամարդությունը, սակայն դա չէ խնդիրը, մանավանդ, որ ընդդիմադիր կուսակցություններն աչքի չեն ընկնում ավելի մարդաշատ հանրահավաքների կազմակերպմամբ։
Խնդիրը բովանդակության մեջ է։
Իշխանությունն ունի լեգիտիմության և վարկանիշի կորուստ, սակայն քաղաքական լուծումներ գտնելու փոխարեն՝ փորձում է իր շուրջ հանրային կոնսոլիդացիայի պատրանք, իմիտացիա ստեղծել։ Նման ձախողված մարտավարությունը միայն խորացնում է ճգնաժամը, մանավանդ, նույն Գյումրիի երեկվա հանրահավաքը վերածվել է ծեծկռտուքի: Այս լոկալ միջադեպը նշանային է ու ճգնաժամի, հանրային անհանդուրժողականության ցուցիչ է։
Իմիտացիայի փոխարեն՝ անհրաժեշտ են քաղաքական լուծումներ։ Դրանք գտնելու հարցում է, որ դրսևորվում է իշխանության կատարյալ անկարողությունը։
Հանրահավաքային հարթակից երեկ չեն հնչել քաղաքական տեքստեր։
Պատճառը միայն այն չէ, որ հռետորները քաղաքական դեմքեր չեն եղել։ Իշխանությունը չունի քաղաքական տեքստեր, ուղերձներ ու դարձյալ մանիպուլացնում է հասարակությանը՝ «հաղթել ենք» կարգախոսն առաջին պլան բերելով նույնիսկ այն պարագայում, երբ պատերազմն ավարտվել է խայտառակ պարտությամբ, իսկ Շիրակի մարզի հինգ տասնյակից ավելի քաղաքացիներ դեռ շարունակում են մնալ գերության մեջ։
Անկարող, ապիկար իշխանությունն ուժ է տալիս հարթակային ռևանշիստական ընդդիմությանը, վերջինս՝ իր անհասկանալի օրակարգով, «կենսունակություն» է հաղորդում Փաշինյանի անբովանդակ թիմին։ Սա արդեն տոտալ ճգնաժամի ցուցիչ է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version