Փաշինյանի կոռուպցիոն ուրվականը․ որտե՞ղ են հիմնադրամի փողերը

Հայաստանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:
Ըստ նախագահի գրասենյակի, Արմեն Սարգսյանը կարևորել է աշխարհասփյուռ հայության հանգանակած և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած միջոցների արդյունավետ, պատասխանատու և նպատակային ծախսումը, ծրագրերի իրականացման ընթացակարգերի և ժամկետների խստագույնս պահպանումը, հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, կառույցի հանդեպ վստահությունը:
Սարգսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսում է հրավիրել հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ՝ Հիմնադրամի կառավարման և գործունեության հետ կապված խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով:
Անցած տարեվերջին Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ նշելով, որ կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ:
Դեռևս անցած տարվա նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված միջոցները մուտքագրվել են գանձապետական միասնական հաշվին։ Որպես նվիրաբերություն փոխանցված ամբողջ գումարը կազմում է 52,703,113.3952 հազար ՀՀ դրամ։ Փաստորեն հանգանակված ավելի քան 170 միլիոնից ավելի քան 100 միլիոնը Փաշինյանի կառավարությունն ապօրինաբար վերցրել է հիմնադրամից ու մսխել է ընթացիկ ծախսերի վրա։
Հենց այս մասին են այսօր խոսել երկրի նախագահն ու հիմնադրամի տնօրենը ու ինքնին ենթադրելի է, որ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում Փաշինյանին շատ ծանր զրույց է սպասում։
Այս տհաճ պատմությունը մի քանի բաղադրիչ ունի։
Նախ, օրենքով հիմնադրամը չի կարող նվիրատվություն անել կառավարությանը ու տեղի ունեցած ընթացակարգն ապօրինի է՝ իրավական տեսանկյունից։ Կառավարությունը պարտավոր է վերադարձնել հիմնադրամից, ըստ էության, գրպանված փողերը, իհարկե՝ եթե այս պահին տիրապետում է միջոցների։ Չնայած՝ եթե նույնիսկ հիմնադրամի գումարները վերադարձվեն, դրանով տեղի ունեցած հանցագործությունը չի վերանում։
Խնդիրն ունի նաև կոռուպցիոն ռիսկեր, որովհետև փաստ չէ, որ կառավարությունը վերցված գումարը ծախսել է արդյունավետ՝ չմսխելով, օրինակ, պարգևավճարների վրա։
Պակաս կարևոր չէ խնդրի բարոյական կողմը։
Պատկերացրեք՝ աշխարհասփյուռ հայությունը գումարներ է հանգանակում պատերազմում զինվորի, բանակի կարիքները հոգալու համար, սակայն միլիոնավոր դոլարներ հայտնվում են մի կառավարության տնօրինության տակ, որին հասարակության մեծամասնությունը համարում է կապիտուլյանտ։
Փաշինյանին հետապնդում է ոչ միայն կապիտուլյացիայի, այլ նաև՝ կոռուպցիայի ուրվականը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր