Համանախագահների հեռավար հանդիպումը ԱԳ նախարարի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 16-ին տեսակապի միջոցով առանձին զրույցներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
«Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակություն են կատարել՝ տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդական գործընթացի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դերին վերաբերող հարցերի շուրջ»- ասված է համանախագահության հաղորդագրության մեջ:

Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ 

Արա Այվազյանը նշել է, որ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, իսկ ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում: 

Այս համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը շարունակել խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնին մանդատ ունեցող միակ ձևաչափ: 

Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հրամայականը՝ շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը:

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր