Հայտարարությունն առ ոչինչ իրավական փաստաթուղթ է. Կարեն Հեքիմյան

Politcom.am-ի հարցերին պատասխանել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանը

-Դուք դատական կարգով վիճարկել եք Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավաչափությունը։ Ի՞նչ փուլում է գործընթացը, ի՞նչ ակնկալիք ունեք իրավական հարթության վրա, եթե այս ամենում չափազանց մեծ է քաղաքական բաղադրիչը։

-Այո, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի անունից վիճարկել ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավաչափությունը: Մեզ համար հայտարարությունը քաղաքական ընկալման իմաստով միանշանակ դավաճանական է: Դրան չեմ էլ ցանկանում անդրադառնալ: Խնդիրն ունի մեկ այլ կողմ՝ արդյո՞ք դավաճանական հայտարարությունը իրավաչափ է և, ի վերջո ի՞նչ է այն իրենից ներկայացնում: Իրավական իմաստով այդ հայտարարությունն առ ոչինչ իրավական փաստաթուղթ է, քանզի դրա հասցեատիրոջ վրա(տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վրա) դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան(տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետությանը ) տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Փորձեմ հիմնավորել ասածս: Ուրեմն, մինչ այսօր ԼՂՀ-ն պաշտոնապես չի ճանաչվել աշխարհի որևէ պետության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից: Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի հանդեպ սանձազերծած պատերազմին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի մասնակցել, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ԼՂՀ-ի սուվերեն տարածքւմ պատերազմական գործողություն պաշտոնապես չեն վարել, գոյություն չունի որևէ իրավական ակտ, որը վկայում է Հայաստանի Հանրապետության կողմից այլ պետությանը պաշտոնապես պատերազմ հայտարարելու, դաշնակցելու կամ ռազմական օժանդակություն ցուցաբերելու մասին: Դա նշանակում է, որ 27.09.2020թ – 10.11.2020թ ռազմական գործողություններն իրականացվել են ԼՂՀ-ի սուվերեն տարածքում, ԼՂՀ-ի պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև: Նշված ժամկետում, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի Հանրապետությունը որևէ պետության պաշտոնապես պատերազմ չի հայտարարել, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերը որևէ երկրի սուվերեն տարածքում ռազմական գործողությունների չեն մասնակցել: Հայաստանի Հանրապետությանում պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իսկ պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված գործողություններ: Նոյեմբերի 9-ին, Փաշինյան Նիկոլը Հայաստանի անունից ստորագրել է փաստաթուղթ, որի ստորագրման համար չուներ համապատասխան իրավասություն: Այսինքն, այդ պատերազմում Հայաստանն իրավասուբյեկտ չէր, քանզի որևէ պետության պաշտոնապես պատերազմ չէր հայտարարել: Ի դեպ, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով այլ պետության պատերազմ հայտարարելու իրավունք է վերապահված ԱԺ-ին և Կառավարությանը:
Խնդիրն ունի մեկ այլ կողմ ևս: Համաձայն ՀՀ Սահմանադրության 116 հոդվածի 2-րդ կետի՝ Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ: Սա նշանակում է, որ ՀՀ ԱԺ-ն մինչև 2020թ նոյեմբերի 9-ի ՀՀ վարչապետ Փաշինյան Նիկոլի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելը պետք է այն վավերացներ, կասեցներ կամ չեղյալ հայտարարեր: Նշված գործողություններից որևէ մեկը ՀՀ ԱԺ-ի կողմից չի իրականացվել: Դա նշանակում է, որ որևէ պետության օրենքով պատերազմ չհայտարարած պետության ղեկավար, պետության անունից իր ստորագրությունն է դնում քաղաքական և ռազմական բնույթ ունեցող փաստաթղթի տակ, ինչի արդյունքում Հայաստանը ներքաշվել է անվտանգության իմաստով կասկածելի գործընթացի մեջ: Ավելին, նշված փաստաթղթով ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություններ է դրվում ՀՀ քաղաքացիների վրա և նույնքան ոչ իրավաչափորեն վերջիններիս բազմապիսի իրավունքներ են սահմանափակվում: Այստեղ հարկ է նշել մասնավորապես Մեղրիի և ընդհանրապես Սյունիքի քաղաքացիների իրավունքների սահմանափակումները: Սկսած սեփականության, վերջացած՝ կյանքի և աշխատանքի սահմանափակման իրավունքից: Հենց այս իրավական շրջանակներում է դատական կարգով վիճարկվել նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը: Վարչական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Ազրոյանի նախագահությամբ, մերժեց հայցադիմումի վարույթ ընդունելը: Կարծում եմ, որ դատարանի որոշումը հարմարեցված էր քաղաքական կոնյուկտուրային: Ինչևէ, որոշումը բողոքարկել ենք վերաքննության կարգով: Անկեղծ ասած, հայցադիմումի մեջ քաղաքական բաղադրիչ չկա: Հիմնավորվում է միայն հայտարարության առ ոչինչ լինելը: Սակայն, կարծում եմ, որ մեր երկրում ամեն ինչ այդքան է խառնվել, որ անգամ մանկապարտեզի դայակի գործունեությունում է հնարավոր քաղաքական ենթատեքստ գտնել:

-Դուք հետևողականորեն բարձրացնում եք Արծվաշենի թեման, ընդ որում՝ նաև մինչև պատերազմը։ Չհաշված վարչապետի հայտնի ռեպլիկը ԱԺ-ում՝ արդյո՞ք պատկան մարմիններն այս տարիներին որևէ կերպ արձագանքել են Ձեր բազմաթիվ հրապարակային գրառումներին, հարցադրումներին։

-Արծվաշենի մասին ես բարձրաձայնում եմ տասնյակ տարիներ: Սա նախադեպը չունեցող խնդիր է: Տեր-Պետրոսյան Լևոնի, նախկին պաշտոնատար անձանց և հենց արծվաշենցիների վկայությամբ, 1992թ օգոստոսի 8-ին Հայաստանն Արծվաշենը ոչ թե կորցրել է ռազմական գործողությունների արդյունքում, այլ այն փոխանակվել է: Դա ես չեմ ասում, դա բազմաթիվ անգամ հենց Տեր-Պետրոսյան Լևոնն է ասել: Սակայն, թե ինչի հետ է փոխանակվել Արծվաշենը՝ այլ տարածքների, կանխիկ գումարի կամ այլ բարիքների հետ, Տեր-Պետրոսյանը լռում է: Արդեն երկար տարիներ, բազմաթիվ անգամներ, անընդհատ դիմում եմ դատախազություն, որպեսզի վերջինս քրեական գործ հարուցի և, ի վերջո պարզի Արծվաշենի կորստի հանգամանքները: Ամեն տարի, ինչ-որ անհեթեթ պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժվում է: Ինչ վերաբերվում է պետական այլ կառույցների արձագանքին, ապա ասեմ, որ այստեղ կա ակնհայտ առաջադիմություն: Ժամանակին ՀՀ պետական կառույցներից և հանրային նշանակության կազմակերպություններից քչերն էին ՀՀ պաշտոնական քարտեզներում ներառում ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը: Իմ և համախոհներիս հետևողական գործողությունների արդյունքում իրավիճակը փոխվեց: Այժմ շատ քիչ կառույցներ են մնացել, որոնց քարտեզներում չկա Արծվաշենը: Փաշինյան Նիկոլի՝ Արծվաժենի մասին ԱԺ-ում հնչեցրած ռեպլիկն, ինչպես միշտ կրում է մանիպուլյատիվ բնույթ: Մանիպուլյացիաներին ըստ էության աշխատում եմ չանդրադառնալ, սակայն պարբերաբար հիշեցնել դրանք

-Բոլորը խոսում են հետպատերազմյան Հայաստանի ճգնաժամի մասին, ընդ որում՝ արդարացիորեն նշվում է, որ ճգնաժամը համապարփակ է։ Սակայն քիչ են լուծումներ առաջարկողները։ Որպես ակտիվ քաղաքացի, ո՞րն է ճգնաժամի հաղթահարման Ձեր պատկերացումը, զարգացման ի՞նչ տեսլական եք տեսնում։ Իրականում հետպատերազմյան Հայստանում քաոս է:

-Իրավական, ֆիզիկական, բարոյական, սոցիալական, հոգեբանական քաոս է: Ի դեպ, օրվա իշխանությունն ամեն հնարավորն անում է քաոսը խորացնելու համար: Ներկա փուլում որևէ զարգացման մասին խոսելն անհեթեթություն է: Սկզբից պետք է կանգնեցնել քաոսը: Դա է առաջնահերթը: Ինչպես նշեցի, օրվա իշխանությունը ոչ միայն չի ցանկանում քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, այլև հենց ինքն է նպաստում քաոսի խորացմանը: Հետևաբար, օրվա իշխանությունը պետք է փոխարինվի: Կարծում եմ, որ իշխանության փոխարինումից հետո էլ որոշ ժամանակ է անհրաժեշտ առկա քաոսը լիարժեք վերացնելու համար: Իսկ հետո կանցկացվեն ընտրություններ, քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց տեսլականները: Մի խոսքով, միայն այդ դեպքում ամեն ինչ տեղը կընկնի:

-Դուք վիճարկել էիք նաև ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի պաշտոնավարման օրինականությունը, սակայն նա կարծես շարունակում է մնալ իր պաշտոնում:

-2020թ դեկտեմբերի 17-ի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դադարեցվել են ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ի լիազորությունները: Խնդիրն այն է, որ վերջինս, բացի ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ի պաշտոնից, զբաղեցնում է նաև Էվոկաբանկի խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը, ինչն անթույլատրելի է օրենքով: Բացի այդ համաձայն դատարանի վերլուծությանը, ՀՀ-ում ցանկացած ժ/պ-ն իրավունք ունի պաշտոնավարել մեկ տարի: Ոչ ավելի: Այս մարդն արդեն մոտ երկու տարի է պաշտոնավարում: Այսինքն, հայցապահանջն այնքան պարզ է և աներկբա, որ դատարանը ոչ միայն բավարարել է այն, այլև անդրադարձել է նաև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությությունների դադարեցման ինքնուրույն հիմքի առկայությանը: Սա շատ կարևոր հանգամանք է: Այժմ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն բողոքարկել է դատարանի վճիռը վերաքննության կարգով: Կարծում եմ, որ դա միայն դատական գործընթացը և, ըստ այդմ պաշտոնավարումն անհարկի երկարացնելու միտում է:

նման նյութեր