Site icon politcom

Վրացական դաս՝ Փաշինյանին

 

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել: Ինչպես Այս մասին նա հայտնել է հատուկ հրավիրված ճեպազրույցի ժամանակ:

«Ես որոշում եմ ընդունել թողնել զբաղեցրածս պաշտոնը: Իհարկե, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնելու բևեռացումը մեր երկրի քաղաքականության մեջ, քանի որ ես համոզված եմ, որ մեր միջև բևեռացումն ու առճակատումը ամենամեծ ռիսկն են մեր երկրի տնտեսական զարգացման ապագայի և բոլոր տեսակի ճգնաժամերի հաղթահարման ճանապարհին»,- հայտարարել է Գախարիան:

Վրաստանում քաղաքական ճգնաժամը հասունացել է անցած տարվա վերջին, երբ ընդդիմությունն արժանահավատ չհամարեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները ու հրաժարվեց մանդատներից։ Այդ ճգնաժամի լոկալ դրսևորումներից մեկն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի ձերբակալման պատմությունն է, որի շուրջ վրացական էլիտայում չի կայացել կոնսենսուս՝ պատճառ դառնալով Գախարիայի հրաժարականի, որն, ըստ ամենայնի, հակված է երկխոսել ընդդիմության հետ՝ ռեպրեսիվ ճնշումներ բանեցնելու փոխարեն։

Մինչ այդ քաղաքականությունը թողել էր նաև իշխանության ստվերային տերը համարվող միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Այս փաստը քաղաքական ճգնաժամի առաջին դրսևորումն էր։

Դո՞ւք պատկերացնում եք, որ կեղծված ընտրությունների հարուցած ճգնաժամի հետևանքով Հայաստանում իշխանություն կամ դրա առաջին դեմք փոխվի։

Նման բան պարզապես չի եղել։

Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ 1998-ին, սակայն ոչ թե 1996-ի վիճահարույց ընտրությունների, այլ՝ ԼՂ խնդրի հարցում առաջացած ներիշխանական հակասությունների հետևանքով։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց իշխանությունը վերարտադրել են բացառապես կեղծված ընտրությունների միջոցով՝ չմտածելով անգամ հրաժարականի մասին։

Անգամ բացահայտ ֆորս-մաժորային իրավիճակներում մերոնք կառչել են աթոռներից։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը կախված էր «մազից», սակայն նա չհեռացավ, այլ ստեղծեց ավտորիտար ռեժիմ ու կառավարեց ևս 9 տարի։

Նիկոլ Փաշինյանը երկիրը տարել է խայտառակ պարտության, բայց հրաժարականի մասին չի էլ մտածում, իսկ արտահերթ ընտրությունների հարցում մի քանի անգամ մտափոխ է եղել ու դրանք հաստատ չի անցկացնի, եթե նվազագույն հնարավորություն տեսնի սեփական իշխանությունը երկարաձգելու հարցում։

Գախարիայի հրաժարականը վրացական դաս էր Փաշինյանին՝ չնայած դասի կարիք ունի ամբողջ քաղաքական համակարգը, որովհետև քաղաքական անարդյունավետությունը չի կարող պայմանավորված լինել միայն իշխանության վարքագծով

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version