Site icon politcom

«Քաղաքական դիակի» սինդրոմը

Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները նրան համարում են «քաղաքական դիակ»՝ հանրությանը, թերևս, հասկացնելով, թե գործող վարչապետի օրերը հաշված են։ Քաղաքական հռետորաբանության մեջ նման եզրույթներ օգտագործվում են՝ հասարակության մոտ գժգոհությունը գեներացնելու, նրան կոնկրետ օրակարգի շուրջ կոնսոլիդացնելու համար։
Որպես կանոն, որքան բարձր է հռետորաբանության տոնայնությունն, այնքան անարդյունավետ է լինում պայքարի արդյունքը, որովհետև հնարավոր չէ միայն կտրուկ կամ վիրավորական խոսքով, էպատաժով խնդիր լուծել, եթե չունես քաղաքական խոսք, ծրագիր։ Նման դեպքերում գրեթե երաշխավորված կարելի է պնդել, որ արմատական հռետորաբանությունը քաղաքական խոսքի բացակայությունը քողարկելու նպատակ ունի։
Ավելին, եթե «քաղաքական դիակը» շարունակում է մնալ իշխանության ղեկին, ապա երկրում տարածված «քաղաքական գարշահոտության» պատասխանատու դառնում են այն ուժերը, որոնք «հուղարկավորություն» կազմակերպելու ունակություն, ռեսուրս չունեն։ Կանխատեսելի է, որ նման դեպքերում կոշտ հռետորաբանությունը բումերանգի էֆեկտ ունի ու ի վերջո, հարվածոււմ է ոչ թե սկզբնական թիրախին(«քաղաքական դիակին»), այլ այն արտաբերողին(«հուղարկավորություն» կազմակերպելու կարողություն չունեցողին)։
Այս առումով Հայաստանում դեժավյու է։
1999թ-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ ջարդվել էր պետականության ողնաշարը, Ռոբերտ Քոչարյանին բոլորը համարում էին «քաղաքական դիակ», նրա իշխանությունը թվում էր՝ «մազից կախված»։ Բայց «քաղաքական դիակը» մնաց իր մանդատի ամբողջ ժամկետով։ Իրավիճակի նմանությունը ակնհայտ է․ դրանից տարիներ առաջ էլ վիժեցվել կարգավորման գործընթաց, Հոկտեմբերի 27-ը բերել էր Հայաստանում ռուսական ազդեցության մեծացման և այլն։
Հիմա, ըստ էության, նույն իրավիճակն է․ «քաղաքական դիակ» Նիկոլ Փաշինյանի անփառունակ իշխանությունը հետպատերազմյան ողորմելի իրավիճակի, Հայաստանի ինքիշխանության կորստի, ռուսական ազդեցության կտրուկ մեծացմամբ պայմանավորված ստատուս-քվոյի դրսևորումն է։
Խոսքով Փաշինյանը «քաղաքական դիակ» չի դառնա, այդպիսի կարգավիճակում նա կհայտնվի, եթե Հայաստանում ձևավորվի որակապես նոր ընդդիմություն, որն ի վիճակի է ստատուս-քվո փոխել։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version