Արցախի «աբխազացումը» կամ «ռուսաֆիկացիան»՝ գործողության մեջ

 

Արցախի ԱԺ պատգամավորներն առաջարկում են ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կայքում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է տեղադրվել, ըստ որի՝ պաշտոնական լեզվի կարգավիճակ կարող են ունենալ գրական հայերենն ու ռուսերենը:

Կասկածից վեր է, որ սա ինքնաբուխ նախաձեռնություն չէ ու թելադրված է Արայիկ Հարությունյանի, անգամ Հայաստանի բարձր իշխանության, եթե ոչ՝ Մոսկվայի կողմից։

Նախաձեռնության հիմնավորումը շաբլոնային է ու տեղավորվում է «թուրքական մուրճի ու ռուսական սալի արանքում» տրամաբանության մեջ, բնականաբար՝ ընտրվել է «ռուսական սալը»։

44-օրյա պատերազմի պարտությունից հետո Արցախի սուբեկտությունն էապես նվազել է, ԼՂՀ բեկորների անվտանգության միակ գործուն երաշխավորն այս պահին ռուսական խաղաղապահ առաքելությունն է։ Այս համատեքստում գուցե ըմբռնմամբ կարելի է մոտենալ Ստեփանակերտում ծնված կամ Ստեփանակերտին պարտադրված նախաձեռնությանը։

Մյուս կողմից, այս պատմությունը միայն լեզվի մասին չէ։

Սկսվել է Արցախի «աբխազացման» կամ «ռուսաֆիկացման» գործընթացը։ Այսօր ռուսերենն է պաշտոնական տարածք «նվաճում», վաղը «կնվաճեն» ռուսական քաղաքացիությունը, Մոսկվայից եկող տարբեր կարգի ու բնույթի հրահանգները։

Գլոբալ հարթության վրա Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը թողնվում է ռուսական բարեհաճությանը, ինչը ճանապարհ է բացում ռուս-թուրքական հնարավոր համաձայնությունների համար ու ամուր փակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դուռը։

Էլ չեմ ասում այն մասին, որ «աբխազացման» արցախյան մոդելը վաղը կարող է կիրառվել նաև Հայաստանում։ Համենայն դեպս, հայտնի մայրաքաղաքում կարող են ունենալ նման գայթակղություն։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր