Site icon politcom

«ԱԽՔ»-ը դարձավ քաղաքական կատեգորիա

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասել է, թե Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում մեկնաբանել Սերժ Սարգսյանի հնչեցրած բազմաթիվ մեղադրանքները։
Փաշինյանը խոսելու բան չունի, նրա փոխարեն «խոսել» է պատերազմը՝ իր բազմաթիվ աղետալի հետևանքներով, ու այս համատեքստում միանգամայն լեգիտիմ են դառնում գործող վարչապետին հասցեագրված բոլոր մեղադրանքները։
Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանն արդեն խոսել է՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի դեմքով։
«Ապրիլյան պատերազմը կանգնել է հայկական կողմի խոստումների պատճառով, ի դեպ այդ խոստումներից հետո որոշակի ժամանակացույց էր ենթադրվում և այդ ժամանակացույցը ամառվա ընթացքում էր, իսկ ամառվա ընթացում տեղի է ունենում «Սասնա ծռերը», որը օգտագործելով՝ Սերժ Սարգսյանը որոշակի ժամանակահատվածով հետաձգում է՝ մինչև 2017 թվականի ապրիլ, այնուհետև մինչև իշխանության տրանզիցիան ձգում է: Այդ մարդը այդպիսի խոստումներ տալով, ստեղծելով այդպիսի բեռ Հայաստանի համար՝ լքում է պաշտոնը և հետո գալիս ու հայտարարում է՝ ես պատրաստ էի ստորագրելու, ինչ-որ քայլեր անելու, մինչդեռ ես հստակ ասեմ՝ իր տված խոստումների պատճառով մենք կանգնել էինք լուրջ խնդիրների առաջ»,- ասել է Արմեն Գրիգորյանը:
Սերժ Սարգսյանին պաշտպանելու ցանկություն բնավ չունեմ, բայց Գրիգորյանի դուրս տվածը քաղաքական անմեղսունակություն է, խայտառակություն, որը բումերանգի օրենքով հարվածում է հենց իշխանություններին։
Ե՞րբ են Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը իմացել, որ Սերժ Սարգսյանը «ծախել» է Արցախը՝ հեղափոխությունից առա՞ջ, թե՞ հետո կամ ինչո՞ւ այդ մասին չի իմացել հանրությունը, չէ՞ որ ամեն բան որոշելու էր «Ագորրան»։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կամ նրա անունից Արմեն Գրիգորյանը խոսում հիմա՝ արդարացնելու համար պարտությո՞ւնը, պատերազմի հանգեցրած իրենց ապիկար քաղաքականությո՞ւնը, թե՞ գործում է ամեն բան նախկինների գրպանը «գցելու» արատավոր իներցիան։
Եթե Նիկոլ Փաշինյանն իր ԱԽՔ-ի նման է խոսելու, լավ է՝ լռի։
Ի դեպ, շնորհակալություն Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ժամանակին «ԱԽՔ» տերմինը քաղաքական լեքսիկոն ներմուծելու և դրան բովանդակություն հաղորդելու համար։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version