Մեղավոր է Նիկոլ Փաշինյանը ու ոչ միայն․․․

Քաղաքացիների 32%-ը կարծում է, որ Հայաստանը պատերազմում պարտվել է նախկինների, 28%-ը՝ Փաշինյանի պատճառով։ Հարցման տվյալները ներկայացնում է հայկական GALLUP-ը։
Իհարկե, սոցիոլոգիան մեզանում այնքան է արժեզրկվել, որ կարելի է թերահավատորեն վերաբերել ցանկացած հարցման, մյուս կողմից՝ փաստ է, որ պատերազմի մեղավորների հարցում մեր հասարակությունն ունի իրարամերժ ու հակասական գնահատականներ։ Այդ տենդենցն այս հարցման թվերում արտահայտված է՝ անկախ կոնկրետ թվերի արժանահավատությունից։
Նորմալ երկրներում տարօրինակ կլիներ, եթե պատերազմի ձախողման հարցում հասարակությունը մեղավորներ փնտրեր օրվա իշխանություններից դուրս, սակայն Հայաստանում դա տարօրինակ չի համարվում։
Իհարկե, նման անոմալ դրսևորումն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքեր։
Հասարակությունը գտնվում է իշխանության անցած տարիների քարոզչական թեզերի ազդեցության տակ՝ շարունակելով ամեն ինչում մեղադրել «նախկիններին», եթե նույնիսկ օբյեկտիվ փաստեր չկան, որ հին համակարգի ներկայացուցիչներն ուղղակի կամ անուղղակի մեղավորություն ունեն պատերազմական ձախողումներում։
Սակայն մեդալն ունի նաև հակառակ երեսը։
Միայն իշխանական պրոպագանդան, «սպիտակների» ու «սերի» բաժանումները չէին կարող ազդել հանրային տրամադրությունների վրա, եթե հեղափոխությանը նախորդող քսան տարիներին Հայաստանում իրապես ձևավորված չլիներ արատավոր մի համակարգ, որն իր բնույթով եղել է կոռումպացված, մարդակուլ։ Ահա, հասարակությունը կարծում է, որ այդ համակարգն իր «բաժինն» ունի պարտության հարցում։
Ընդհանուր առմամբ՝ եթե հավատանք հարցումներին, մեր հասարակության մոտ 60%-ը պարտության պատճառ է համարում կամ ներկա իշխանությանը կամ հներին, ինչը ենթադրում է, որ ժողովրդի մեծամասնությունը հույսեր չի կապում քաղաքական համակարգի հետ՝ նրա իշխանական և հարթակային ընդդիմության սեգմենտներով հանդերձ։ Հանրային այս տրամադրությունները նոր քաղաքական համակարգ ձևավորելու ուղղակի պահանջ են, քաղաքական համակարգ, որը չի տարբերակվելու «ներկա-նախկին», «սև-սպիտակ» արհեստական բաժանումներով։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր