Նիկոլ Փաշինյանի «տոկոս խփողները»

Ռազմական դրության պատրվակով քաղաքապետերի և գյուղապետերի ընտրությունը, ըստ էության, վերացնելով և վարչապետի ու մարզպետների կողմից նշանակվող ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտ ներդնելով՝ իշխանությունները պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Իշխանությունը, թերևս, գիտակցում է, որ արտահերթ ընտրությունների չանցկացումը կամ դրանց հետաձգումն անորոշ ժամանակով կարող է բերել անկանխատեսելի ցնցումների։ Նույնիսկ իշխանության նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցող հայկական Gallup-ի այսօր հրապարակած սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ հասարակության 58%-ն արտահերթ ընտրություններ է ցանկանում։ Սա, ի հակադրության, իշխանության խմբակցության ներկայացուցիչների պնդումների, թե իբրև արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջ չկա։
Ավելին, այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ դրանց մասնակիցների միայն 38,8%-ն է ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում մնա մինչև պաշտոնավարման ավարտը, իսկ 43,6%-ը պահանջում է նրա հրաժարականը։
Ահա, սա է պատկերը, որը հուշում է, որ արտահերթ ընտրությունների պարագայում, առանց վարչական ռեսուրսի կիրառման, Փաշինյանի թիմը վերարտադրվելու անգամ տեսական շանսեր չունի, մանավանդ, որ քաղաքական դաշտում գրեթե կոնսենսուս է ձևավորված «քայլողների» հեռացման հարցում։
Այս իրավիճակում Փաշինյանի թիմը բացահայտ ոտնձգություններ է սկսել ժողովրդավարական, ընտրական ինստիտուտների դեմ, ըստ էության՝ ոչնչացնելով ՏԻՄ համակարգը։ «Յուրային» քաղաքապետեր ու գյուղապետեր նշանակելով՝ Փաշինյանի թիմը հրաժարվում է հեղափոխության արժեքներից, դեմոկրատիայի սկզբունքներից ու փաստացի ձևավորում է սեփական բյուրոկրատիան, որի միակ «առաքելությունը» դառնալու է ընտրություններում «տոկոս խփելը»։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր