Site icon politcom

Ընդդիմության «Ավարայրը»՝ վաղը

 

Տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին, օրերս հայտնել է Ոստիկանությունն՝ ընդգծելով՝ նման պարտադրանքը մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություն է։

Նման տեքստով հաղորդագրություն ոստիկանությունը տարածում էր, թերևս, 2000-ականներին՝ համակցելով ավտորիտար կառավարման և իշխանություն-ընդդիմություն ռեսուրսային պայքարի «բարի» ավանդույթները։

Ներքաղաքական հակադրության երկու բևեռներից հնչում են անտագոնիստական հայտարարություններ, որոնք, իհարկե, բացահայտում են միայն էսկալացիայի, այսպես կոչված, այսբերգը։

«Հայրենիքի փրկության շարժման» կուսակցություններից մեկի ղեկավարը փետրվարի 20-ի հանրահավաքին  չափազանց մեծ «պատմականություն» է հաղորդում։ Նա ասում է՝ այդ հանրահավաքը կամ լինելու է շրջադարձային, կամ էլ վերջինն՝ ընդդիմադիր այս ձևաչափով։

Եթե ավելի մատչելի հայերենով ներկայացնենք արտահայտված միտքը, ապա կարող ենք արձանագրել, որ ընդդիմությունը գնում է ռեսուրսային պայքարի տրամաբանությամբ՝ փետրվարի 20-ի համար մոբիլիզացնելով իր ողջ ռեսուրսը։ Նպատակը հեղափոխություն անելն ու փողոցով Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է։ Ռեսուրսային պայքարի տրամաբանությունը հուշում է, որ եթե այդ նպատակն իրականություն չդառնա, ապա «տուն» է գնալու այս ընդդիմությունը։ Համենայն դեպս, «կենաց-մահու» տրամաբանությունը միջանկյալ լուծումներ, հնարավոր կոմպրոմիսներ չի ենթադրում։

Միևնույն ժամանակ, միայն հաջողությունը կարող է կենսունակություն հաղորդել այսօրվա հարթակային ընդդիմությանը, հակառակ պարագայում՝ այն մնալու է մի կողմից Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան հակասությունների, մյուս կողմից՝ անարդյունավետ քաղաքականության փլատակների տակ։

Մեծ հաշվով՝ վաղն Ազատության հրապարակում որոշվելու է ոչ թե իշխանության, այլ՝ ընդդիմադիր հայտնի ձևաչափի ճակատագիրը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version