Site icon politcom

Ո՞ւմ կփրկի «գժի թուղթը»․ պրոֆեսորի ալիբին որդու համար

 

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ Վարազդատ Կարապետյանը օրերս սկզբունքային որոշում կայացրեց՝ սահմանազատվելով այն իշխանությունից, որը շատերը համարում են կապիտուլյանտական։

«Չեմ փորձի հղումներ անել ինձնից անկախ հանգամանքներին և մեղմել եղածը: Ամենով հանդերձ, դրանք իմ քայլերն են, և ես այդ քայլերիս համար ներողություն եմ խնդրում ինձ վրա հույս դնող և ինձ հավատացող մարդկանցից»,- գրել է Կարապետյանն, որն, անշուշտ, հավաքական տեքստ կարող էր լինել ամբողջ իշխանության համար՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջացրած՝ իր մանդատի վրա դողացող պատգամավորով։

Բայց նման տեքստեր այս իշխանությունից պետք չէ ակնկալել, մանավանդ, վստահ ենք՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն էլ գիտակցում ազգային ինչ աղետ են բերել մեր պետության և ժողովրդի գլխին։ Նման պարագայում միամիտ է ենթադրել ողջամիտ որոշումների կայացումը։

Սեփական աթոռին կառչած լինելու հիվանդագին համառությունը բարիկադներ է կառուցում այլևս ոչ միայն իշխանություն-հասարակության հարաբերություններում, այլ նաև իշխանության ներկայացուցիչների շրջապատներում, ընտանիքներում։ Ասում են՝ Շիրակի մարզպետը հրաժարական է տվել, որովհետև նրան այդպիսի որոշում է պարտադրել սեփական ընտանիքը։

Պրոֆեսոր Սուրեն Զոլյանը իր «իմքայլական» պատգամավոր որդուն՝ Միքայել Զոլյանին, թերևս, չի կարողանում համոզել ու հանդես է եկել ֆեսյբուքյան արտառոց գրառումով։

Սուրեն Զոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի սեպտեմբերին գրված հոդվածին:

«Լավ, այս դեմքը վաղն իր գժի թուղթը կհանի, և որպես անմեղսունակ պատասխանատվությունից կազատվի։

Բա մենք, որ նման հիմարություններ կարդում ենք Արմենպրեսով, բա աշխարհը, որն Արմենպրեսից է իմանում Հայաստանի իրադարձություններից։

Ապուշը իրոք ունի սխալվելու իրավունք։ Դրա համար էլ վտանգ ներկայացնող ապուշներին մեկուսացնում են, որ իրենց սխալվելու իրավունքը ուրիշների գլխին պատուհաս չդառնա։

Եթե ազգը չի դիմադրում, պատրաստվենք նոր սխալներ կուլ տալուն։ Այս արարածը անկեղծ ասում է՝ ինձնից ոչ մի ճիշտ բան մի սպասեք։

Իսկապես, անմեղսունակից միայն իրենից ավելի անմեղսունակը կարող է սպասելիքներ ունենալ»,- գրել է Զոլյանը։

Կարդում ես ու չես հասկանում՝ Զոլյանը հասարակությա՞նն է ահազանգում «գժի թղթի» հետևանքների համար, թե՞ որդուն կամ գուցե ալիբի է ստեղծում որդու համար՝ նրան ներկայացնելով որպես քաղաքական անմեղսունակության զոհ։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version