Day: February 20, 2021

Պլան Ա՞, պլան Բ՞, թե՞ պլան Գ․ «հուժկու» հանրահավաքի հետքերով

Պլան Ա՞, պլան Բ՞, թե՞ պլան Գ․ «հուժկու» հանրահավաքի հետքերով

«Հայրենիքի փրկության շարժման» այսօրվա հանրահավաքին իշխանությունը «նախապատրաստվել» էր դեռ երեկվանից, երբ  անհեթեթ կասկածանքներով ձերբակալեց քաղաքագետ Կարեն Բեքարյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Այսօր ձերբակալվել է նաև ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

Հանրահավաքից առաջ ընդդիմախոսներին ձերբակալելու արատավոր պրակտիկան նոր չէ, դրանից, ինչպես ժողովուրդն է ասում, նավթալինի հոտ է գալիս։ Ստիպված ենք արձանագրել, որ հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը շատ արագ դավաճանեց հրապարակի ու դեմոկրատիայի արժեքներին ու հաստատուն քայլերով գնում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ավտորիտար ռեժիմների ճանապարհով։

Հիմա՝ հանրահավաքի մասին։

Դրան՝ չնայած ձյանը, մասնակցել է 10-15 հազար մարդ․ հարթակային ընդդիմությունը, սովորության, համաձայն, խոսում է ավելի մեծ թվով մասնակիցների մասին՝ տիրաժավորելով 40000-ոց հանրահավաքի մասին։

Արձանագրենք երկու կարևոր իրողություն։

Այսօրվա չափանիշներով, երբ մարդիկ համատարած հիասթափված են քաղաքականությունից, հանրահավաքը սակավամարդ համարել չի կարելի։ Մյուս կողմից, նկատի ունենանք այն հանգամանքը, որ «Հայրենիքի փրկության շարժման» կուսակցություններն այսօր ներդրել էին իրենց գրեթե բոլոր ռեսուրսները ու այս իմաստով՝ սա հարթակային ընդդիմության, այսպես ասած, առավելագույն շեմն է՝ գոնե այս պահի համար։

Քաղաքական սիմվոլիզմը չստացվեց։

Չնայած հանրահավաքն անցկացվում էր 88-ի շարժման 33-րդ տարեդարձի օրը, մեկնարկեց Շեփորով, այն բացեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը, սակայն բովանդակային որևէ աղերս չկա պատմական և այսօրվա հանրահավաքների միջև։

Մանուկյանն ու նրա թիմն այսօր կրկին հասարակությանը ներկայացել էին առանց «տնային պատրաստության»՝ հանրահավաքը համեմատաբար բազմամարդ էր, սակայն կրկին չուներ քաղաքական բովանդակություն, օրակարգ։ Առանց այսօրվա հանրահավաքի էլ՝ բոլորս գիտեինք ու գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձախողված է ու պետք է հեռանա, հասարակությունը փնտրում է այլընտրանք, որին չգտավ այսօրվա հանրահավաքում։

Մինչ Վազգեն Մանուկյանն այսօր խոսում էր իշխանափոխության պլան Ա-ի կամ պլան Բ-ի մասին, հասարակության մեծամասնությունը մտածում է պլան Գ-ի մասին, որը ենթադրում է այսօրվա իշխանության և հարթակի ընդդիմության հեռացում։ Հայաստանին պետք են որակապես նոր իշխանություններ և ռացիոնալ օրակարգ ունեցող ընդդիմություն։

Լավրովը խոսել է Արևմուտքի «խանդի» մասին

Լավրովը խոսել է Արևմուտքի «խանդի» մասին

 

Արևմուտքին անհրաժեշտ է ուկրաինական ռեժիմը՝ Ռուսաստանին անընդհատ նյարդայնացնելու և ռուսատյաց քաղաքականության նոր պատճառներ որոնելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Նրանց ուկրաինական ռեժիմը պետք է միայն մեկ բանի համար` անընդհատ Ռուսաստանին նյարդայնացնելու և ռուսատյաց քաղաքականության նոր պատճառներ փնտրելու համար: Նրանք ցանկանում են ամեն կերպ թուլացնել այն ամենը, ինչ կա մեր շուրջը՝ Բելառուսը, Կենտրոնական Ասիան և այժմ Անդրկովկասը, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության հաջող առաքելությունից հետո հանկարծ նրանք բոլորը տագնապեցին՝ այդ ինչպես էր հնարավոր առանց իրենց: Այժմ նրանք փորձում են թափանցել այս տարածաշրջան և մեծացնել իրենց ակտիվությունն այդտեղ»,- ասել է Լավրովը: 
Նա նաև շեշտել է՝ Ռուսաստանի արևմտյան գործընկերները «չեն ցանկանում, պատրաստ չեն և չգիտեն, թե ինչպես պետք է խոսեն հավասարության հիմքի վրա: Լինի դա Ռուսաստանը, Չինաստանըկամ որևէ այլ երկիր»:

Քարդաշյանն ամուսնալուծվում է

Քարդաշյանն ամուսնալուծվում է

 

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ռեփեր Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել:

Ամուսինները համատեղ ապրել են 7 տարի, ունեն 4 երեխա: Ուեսթն ու Քարդաշյանն արդեն մի քանի ամիս է՝ միմյանցից առանձին են ապրում:

Զույգի հարաբերություններում խնդիրների մասին ասեկոսեներ սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ 2020-ի ամռանը Ուեսթը հայտնեց նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:

Լավրովը չի հավատում «Մեծ Թուրանին»

Լավրովը չի հավատում «Մեծ Թուրանին»

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի կիսում այն կարծիքը, որ Թուրքիան նպատակ ունի ստեղծել «Մեծ Թուրան» (պետությունը, որը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ):

«Եթե մենք խոսենք «Մեծ Թուրան»-ի մասին, որպես պատմական իմաստով վերազգային սուբյեկտ, չեմ կարծում, որ Թուրքիան հետապնդում է այդպիսի նպատակ: Ես չեմ տեսնում, թե իրականում ինչպես կարող են նախկինում ԽՍՀՄ մաս կազմող և անկախ պետություններ դարձած երկրները ինչ-որ ձևով աջակցել այս գաղափարին», – ասել է Լավրովը:

 

Թրամփը խանգարում է հարևաններին․․․

Թրամփը խանգարում է հարևաններին․․․

Թրամփի հարևանները այլևս չեն ցանկանում, որ նա բնակվի իր «Մար-ա-Լագո» ակումբում և ամեն կերպ փորձում են խոչընդոտել նրա մշտական բնակությունը այդ վայրում։ Նշենք, որ Թրամփի պաշտոնավարման ավարտից հետո նախկին փոխնախագահ Փենսը և նրա ընտանիքը, Վաշինգտոնը լքելուց հետո, առհասարակ, մնացել են անօթևան։

Այն, որ Դոնալդ Թրամփը իրավունք չունի մշտապես բնակվելու  «Մար-ա-Լագո»-ի ակումբի տարածքում և շուտով պետք է իր համար բնակության նոր վայր գտնի` օրերս հայտարարեցին մի քանի փաստաբաններ, որոնք ներկայացնում են նախկին նախագահ Թրամփի հարևանների շահերը։  Փաստաբաններից մեկը՝ Ֆիլիպ Ջոնսթոնը, որը ելույթ էր ունեցել պատմական ժառանգության պահպանման հարցերով զբաղվող «Պահպանենք Փալմ-Բիչը» հասարակական կազմակերպության անունից, հայտարարեց բնակիչների մտավախության մասին և նշեց, որ ակումբի տարածքը կարող է դառնալ մի վայր, որտեղ կարող են հավաքվել Թրամփի ամենաագրեսիվ և օրինազանց համակիրներն ու աջակիցները։ Մեկ այլ փաստաբան՝ Ռեջինալդ Ստամբոնը, որը նույնպես ներկայացնում էր նախկին Նախագահի հարևանների շահերը, հիշեցրեց, որ Թրամփի հաճախակի ակումբ այցելությունների պատճառով Փալմ-Բիչի բնակիչները պարբերաբար բախվում են փողոցների փակման, խցանումների առաջացման, տեղի օդանավակայանի փակման, աննախադեպ անվտանգության միջոցառումների ու այլ անցանկալի իրավիճակների հետ, որն, ըստ բնակիչների, կարող է բերել կամ հանգեցնել անշարժ գույքի գների անկմանը։ 

Փաստաբան Ստամբոն նշել է նաև, որ Փալմ-Բիչում վաճառվում են շատ գեղեցիկ և շքեղ առանձնատներ և Թրամփը կարող է գտնել իր ճաշակին և պահանջներին համապատասխան առանձնատուն։ Սակայն ամենաուշագրավն այս պատմության մեջ այն էր, որ դեռևս 1993 թվականին Թրամփի և քաղաքային իշխանությունների միջև մի պայմանագիր է ստորագրվել, համաձայն որի, Թրամփը պարտավորվում է վերոնշյալ ակումբը չօգտագործել որպես մշտական բնակավայր։

Ի՞նչ իմանար Թրամփը, որ պարզապես օրերից մի օր նա կխանգարի իր հարևաններին և վերջիններս կփորձեն ազատվել նրա մշտական ներկայությունից։

Ինչպես կոմունիստները զրկվեցին իշխանությունից, ՀՅԴ-ն՝ «հացից»

Ինչպես կոմունիստները զրկվեցին իշխանությունից, ՀՅԴ-ն՝ «հացից»

 

1988-ի համազգային շարժումը` իր արժեքներով, գաղափարներով, ընկած է Երրորդ հանրապետության հիմքում: Իհարկե, անցած տարիների ընթացքում իշխանությունները շեղվել են 88-ի արժեքներից` Հայաստանը կանգնեցնելով ինստիտուցիոնալ և բովանդակային ճգնաժամի շեմին։ Սրանով հանդերձ` 88-ի շարժումը ոչ միայն չի կորցնում իր պատմականությունը, այլ նաև` իր հզոր էներգետիկայով, Հանրապետությունը փրկում է վերջնական դիսկրիմինացիայից:

88-ի առաջին ամիսներին դժվար էր պատկերացնել, որ «Միացում» և «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսներով սկսված համազգային շարժումը դառնալու է այն օրրանը, որտեղ ծնվելու է նոր քաղաքագիտական միտքը: Շարժման քաղաքական, գաղափարական բյուրեղացումը սկսվեց 88-ի մայիսից, երբ «Ղարաբաղ» կոմիտեին միացան հետագայում նրա կորիզը դարձած գործիչները, այդ թվում` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Սխալ կլինի ասել, թե Հայաստանի կոմունիստական իշխանությունը չէր ուզում Արցախի միացումը Հայաստանին, ու գուցե նույնիսկ ՀԿԿ առաջին դեմքերը դառնային Ղարաբաղի ամենաթունդ պաշտպանները` միայն թե 88-ի համազգային շարժման ընդերքում չծնվեին կոմունիստական իշխանության գոյությունը կասկածի տակ դնող երկու գաղափարները` անկախության և դեմոկրատիզացիայի պահանջը: 88-ի շարժումը հենց այս գաղափարների շնորհիվ դարձավ իրական այլընտրանք կոմունիստական իշխանությանը, գերեզմանափոր սովետական կայսրության, սնուցող արմատ անկախ Հայաստանի համար: 88-ի շարժումը սկսվեց Ղարաբաղի խնդրով, սակայն բովանդակային հարթության վրա շատ շուտով դարձավ Արևելյան Եվրոպայի ամենազանգվածային դեմոկրատական շարժումներից մեկը: Առանց «Ղարաբաղ» կոմիտեի էլ Արցախի հարցը կարող էր համազգային դառնալ: «Ղարաբաղ» կոմիտեն այլ` ավելի պատմական առաքելություն ունի. հարթակի գործիչներն անկախության հռչակումից տարիներ առաջ կարողացան այլընտրանք ձևավորել կոմունիստական իշխանությանը` դառնալով քաղաքական նոր մտքի կրողներ, դեմոկրատիան դարձնելով համազգային գաղափար, մեր ու աշխարհի երկխոսության կամուրջ:

Համազգային շարժումը` իր արժեհամակարգով, ինստիտուցիոնալ կառուցվածքով, գործիչների աշխարհայացքով գաղափարական ու քաղաքական այլընտրանք էր նաև հայ ավանդական քաղաքական մտքին, այսպես կոչված` դաշնակցականությանը: Վերջինիս պահանջատիրության կարգախոսին հակադրվեց 88-ի շարժման պրագմատիզմը, հարևան երկրների հետ հակադրությանը` երկխոսության և տարածաշրջանային համագործակցության տեսլականը, հայկական «թալիբանականությանը»` համազգային շարժման ինտեգրացիոն ռեսուրսը:

Ոխերիմ թշնամիներ կոմունիստներն ու դաշնակցականները դարձան դաշնակիցներ` Սովետը փրկելու հարցում, համազգային շարժման ինստիտուցիոնալ կառույց ՀՀՇ-ի դեմ:

Պատահական չէ, որ 1998-ի պալատական հեղաշրջման հետևանքով, երբ Հայաստանում հաղթեց հայկական «թերմիդորականությունը», դրա առանցքում պարտկոմ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն էին: Հայաստանում տեղի էր ունեցել պարտկոմադաշնակցական ռևանշ, որը հետևողականորեն խժռում էր 88-ի արժեքները: «Թերմիդորի» հակասահմանադրական ռեժիմը Հայաստանում շարունակվում է առ այսօր` տարբեր մուտացիաներով, բայց նույն գիշատիչ էությամբ:

Խմբագրության կողմից- Այս հոդվածը հեղինակի կողմից գրվել է 2017թ-ի դեկտեմբերի 4-ին ու զետեղվել է նրա «1988-ի շարժման 30-ամյակը» գրքում, սակայն այսօր էլ՝ նույնիսկ պարտված պատերազմից ու կապիտուլյացիայից հետո, չի կորցրել իր ակտուալությունը։