Site icon politcom

Ինչպես կոմունիստները զրկվեցին իշխանությունից, ՀՅԴ-ն՝ «հացից»

 

1988-ի համազգային շարժումը` իր արժեքներով, գաղափարներով, ընկած է Երրորդ հանրապետության հիմքում: Իհարկե, անցած տարիների ընթացքում իշխանությունները շեղվել են 88-ի արժեքներից` Հայաստանը կանգնեցնելով ինստիտուցիոնալ և բովանդակային ճգնաժամի շեմին։ Սրանով հանդերձ` 88-ի շարժումը ոչ միայն չի կորցնում իր պատմականությունը, այլ նաև` իր հզոր էներգետիկայով, Հանրապետությունը փրկում է վերջնական դիսկրիմինացիայից:

88-ի առաջին ամիսներին դժվար էր պատկերացնել, որ «Միացում» և «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսներով սկսված համազգային շարժումը դառնալու է այն օրրանը, որտեղ ծնվելու է նոր քաղաքագիտական միտքը: Շարժման քաղաքական, գաղափարական բյուրեղացումը սկսվեց 88-ի մայիսից, երբ «Ղարաբաղ» կոմիտեին միացան հետագայում նրա կորիզը դարձած գործիչները, այդ թվում` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Սխալ կլինի ասել, թե Հայաստանի կոմունիստական իշխանությունը չէր ուզում Արցախի միացումը Հայաստանին, ու գուցե նույնիսկ ՀԿԿ առաջին դեմքերը դառնային Ղարաբաղի ամենաթունդ պաշտպանները` միայն թե 88-ի համազգային շարժման ընդերքում չծնվեին կոմունիստական իշխանության գոյությունը կասկածի տակ դնող երկու գաղափարները` անկախության և դեմոկրատիզացիայի պահանջը: 88-ի շարժումը հենց այս գաղափարների շնորհիվ դարձավ իրական այլընտրանք կոմունիստական իշխանությանը, գերեզմանափոր սովետական կայսրության, սնուցող արմատ անկախ Հայաստանի համար: 88-ի շարժումը սկսվեց Ղարաբաղի խնդրով, սակայն բովանդակային հարթության վրա շատ շուտով դարձավ Արևելյան Եվրոպայի ամենազանգվածային դեմոկրատական շարժումներից մեկը: Առանց «Ղարաբաղ» կոմիտեի էլ Արցախի հարցը կարող էր համազգային դառնալ: «Ղարաբաղ» կոմիտեն այլ` ավելի պատմական առաքելություն ունի. հարթակի գործիչներն անկախության հռչակումից տարիներ առաջ կարողացան այլընտրանք ձևավորել կոմունիստական իշխանությանը` դառնալով քաղաքական նոր մտքի կրողներ, դեմոկրատիան դարձնելով համազգային գաղափար, մեր ու աշխարհի երկխոսության կամուրջ:

Համազգային շարժումը` իր արժեհամակարգով, ինստիտուցիոնալ կառուցվածքով, գործիչների աշխարհայացքով գաղափարական ու քաղաքական այլընտրանք էր նաև հայ ավանդական քաղաքական մտքին, այսպես կոչված` դաշնակցականությանը: Վերջինիս պահանջատիրության կարգախոսին հակադրվեց 88-ի շարժման պրագմատիզմը, հարևան երկրների հետ հակադրությանը` երկխոսության և տարածաշրջանային համագործակցության տեսլականը, հայկական «թալիբանականությանը»` համազգային շարժման ինտեգրացիոն ռեսուրսը:

Ոխերիմ թշնամիներ կոմունիստներն ու դաշնակցականները դարձան դաշնակիցներ` Սովետը փրկելու հարցում, համազգային շարժման ինստիտուցիոնալ կառույց ՀՀՇ-ի դեմ:

Պատահական չէ, որ 1998-ի պալատական հեղաշրջման հետևանքով, երբ Հայաստանում հաղթեց հայկական «թերմիդորականությունը», դրա առանցքում պարտկոմ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն էին: Հայաստանում տեղի էր ունեցել պարտկոմադաշնակցական ռևանշ, որը հետևողականորեն խժռում էր 88-ի արժեքները: «Թերմիդորի» հակասահմանադրական ռեժիմը Հայաստանում շարունակվում է առ այսօր` տարբեր մուտացիաներով, բայց նույն գիշատիչ էությամբ:

Խմբագրության կողմից- Այս հոդվածը հեղինակի կողմից գրվել է 2017թ-ի դեկտեմբերի 4-ին ու զետեղվել է նրա «1988-ի շարժման 30-ամյակը» գրքում, սակայն այսօր էլ՝ նույնիսկ պարտված պատերազմից ու կապիտուլյացիայից հետո, չի կորցրել իր ակտուալությունը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version