Պլան Ա՞, պլան Բ՞, թե՞ պլան Գ․ «հուժկու» հանրահավաքի հետքերով

«Հայրենիքի փրկության շարժման» այսօրվա հանրահավաքին իշխանությունը «նախապատրաստվել» էր դեռ երեկվանից, երբ  անհեթեթ կասկածանքներով ձերբակալեց քաղաքագետ Կարեն Բեքարյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Այսօր ձերբակալվել է նաև ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

Հանրահավաքից առաջ ընդդիմախոսներին ձերբակալելու արատավոր պրակտիկան նոր չէ, դրանից, ինչպես ժողովուրդն է ասում, նավթալինի հոտ է գալիս։ Ստիպված ենք արձանագրել, որ հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը շատ արագ դավաճանեց հրապարակի ու դեմոկրատիայի արժեքներին ու հաստատուն քայլերով գնում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ավտորիտար ռեժիմների ճանապարհով։

Հիմա՝ հանրահավաքի մասին։

Դրան՝ չնայած ձյանը, մասնակցել է 10-15 հազար մարդ․ հարթակային ընդդիմությունը, սովորության, համաձայն, խոսում է ավելի մեծ թվով մասնակիցների մասին՝ տիրաժավորելով 40000-ոց հանրահավաքի մասին։

Արձանագրենք երկու կարևոր իրողություն։

Այսօրվա չափանիշներով, երբ մարդիկ համատարած հիասթափված են քաղաքականությունից, հանրահավաքը սակավամարդ համարել չի կարելի։ Մյուս կողմից, նկատի ունենանք այն հանգամանքը, որ «Հայրենիքի փրկության շարժման» կուսակցություններն այսօր ներդրել էին իրենց գրեթե բոլոր ռեսուրսները ու այս իմաստով՝ սա հարթակային ընդդիմության, այսպես ասած, առավելագույն շեմն է՝ գոնե այս պահի համար։

Քաղաքական սիմվոլիզմը չստացվեց։

Չնայած հանրահավաքն անցկացվում էր 88-ի շարժման 33-րդ տարեդարձի օրը, մեկնարկեց Շեփորով, այն բացեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը, սակայն բովանդակային որևէ աղերս չկա պատմական և այսօրվա հանրահավաքների միջև։

Մանուկյանն ու նրա թիմն այսօր կրկին հասարակությանը ներկայացել էին առանց «տնային պատրաստության»՝ հանրահավաքը համեմատաբար բազմամարդ էր, սակայն կրկին չուներ քաղաքական բովանդակություն, օրակարգ։ Առանց այսօրվա հանրահավաքի էլ՝ բոլորս գիտեինք ու գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձախողված է ու պետք է հեռանա, հասարակությունը փնտրում է այլընտրանք, որին չգտավ այսօրվա հանրահավաքում։

Մինչ Վազգեն Մանուկյանն այսօր խոսում էր իշխանափոխության պլան Ա-ի կամ պլան Բ-ի մասին, հասարակության մեծամասնությունը մտածում է պլան Գ-ի մասին, որը ենթադրում է այսօրվա իշխանության և հարթակի ընդդիմության հեռացում։ Հայաստանին պետք են որակապես նոր իշխանություններ և ռացիոնալ օրակարգ ունեցող ընդդիմություն։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր