Site icon politcom

Թրամփը խանգարում է հարևաններին․․․

Թրամփի հարևանները այլևս չեն ցանկանում, որ նա բնակվի իր «Մար-ա-Լագո» ակումբում և ամեն կերպ փորձում են խոչընդոտել նրա մշտական բնակությունը այդ վայրում։ Նշենք, որ Թրամփի պաշտոնավարման ավարտից հետո նախկին փոխնախագահ Փենսը և նրա ընտանիքը, Վաշինգտոնը լքելուց հետո, առհասարակ, մնացել են անօթևան։

Այն, որ Դոնալդ Թրամփը իրավունք չունի մշտապես բնակվելու  «Մար-ա-Լագո»-ի ակումբի տարածքում և շուտով պետք է իր համար բնակության նոր վայր գտնի` օրերս հայտարարեցին մի քանի փաստաբաններ, որոնք ներկայացնում են նախկին նախագահ Թրամփի հարևանների շահերը։  Փաստաբաններից մեկը՝ Ֆիլիպ Ջոնսթոնը, որը ելույթ էր ունեցել պատմական ժառանգության պահպանման հարցերով զբաղվող «Պահպանենք Փալմ-Բիչը» հասարակական կազմակերպության անունից, հայտարարեց բնակիչների մտավախության մասին և նշեց, որ ակումբի տարածքը կարող է դառնալ մի վայր, որտեղ կարող են հավաքվել Թրամփի ամենաագրեսիվ և օրինազանց համակիրներն ու աջակիցները։ Մեկ այլ փաստաբան՝ Ռեջինալդ Ստամբոնը, որը նույնպես ներկայացնում էր նախկին Նախագահի հարևանների շահերը, հիշեցրեց, որ Թրամփի հաճախակի ակումբ այցելությունների պատճառով Փալմ-Բիչի բնակիչները պարբերաբար բախվում են փողոցների փակման, խցանումների առաջացման, տեղի օդանավակայանի փակման, աննախադեպ անվտանգության միջոցառումների ու այլ անցանկալի իրավիճակների հետ, որն, ըստ բնակիչների, կարող է բերել կամ հանգեցնել անշարժ գույքի գների անկմանը։ 

Փաստաբան Ստամբոն նշել է նաև, որ Փալմ-Բիչում վաճառվում են շատ գեղեցիկ և շքեղ առանձնատներ և Թրամփը կարող է գտնել իր ճաշակին և պահանջներին համապատասխան առանձնատուն։ Սակայն ամենաուշագրավն այս պատմության մեջ այն էր, որ դեռևս 1993 թվականին Թրամփի և քաղաքային իշխանությունների միջև մի պայմանագիր է ստորագրվել, համաձայն որի, Թրամփը պարտավորվում է վերոնշյալ ակումբը չօգտագործել որպես մշտական բնակավայր։

Ի՞նչ իմանար Թրամփը, որ պարզապես օրերից մի օր նա կխանգարի իր հարևաններին և վերջիններս կփորձեն ազատվել նրա մշտական ներկայությունից։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version