Site icon politcom

Արտահերթ ընտրություննե՞ր, թե՞ արյունոտ փակուղի

Օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցությունը հրաժարվեց արտահերթ ընտրությունների օրակարգից՝ հղում անելով հանրային պահանջի բացակայությանը։ Իհարկե, իշխանության ներկայացուցիչները որևէ արժանահավատ հարցման տվյալներ կան հանրային տրամադրությունները չափող այլ ինդիկատոր չեն մատնանշում ու ակամայից տպավորություն է ստեղծվում, որ նրանք առաջնորդվում են ոչ թե հասարակության, այլ՝ իրենց փոքր խմբի ու շրջապատի կարծիքով։
Իշխանությանը լոյալ հայկական Gallup-ի հարցումները միանգամայն այլ պատկեր են ցույց տալիս, որոնք, ըստ էության, անխուսափելի են դարձնում արտահերթ ընտրությունների անցկացումը։
Նախ, հարցումների արդյունքները վկայում են, որ դրանց մասնակիցների 58%-ը անհրաժեշտ է համարում արտահերթ ընտրությունները։ Սա բավականին տպավորիչ ցուցանիշ է ու խոսում է այն մասին, որ հասարակությունը կողմնորոշվել է քաղաքական ճգնաժամի հաղթահարման բանալիի հարցում։
Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն արդեն ավելի ցածր է նրա հակավարկանիշից՝ 38,8- 43,6% հարաբերակցությամբ, ինչը դարձյալ վկայում է այն մասին, որ 2018-ի խորհրդարանական ընտրություններն այլևս արմատապես չեն արտացոլում հետպատերազմյան Հայաստանի հանրային տրամադրությունները՝ առաջացնելով քաղաքական ճգնաժամ։
Իշխանությունները կորցրել են քաղաքական լեգիտիմությունը, ինչը թույլ չի տալու, որպեսզի նրանք ռացիոնալ օրակարգ ձևավորեն ներքին և արտաքին քաղաքական բարդ հարցերում, էլ չենք խոսում ոչ ստանդարտ որոշումների մասին։
Նման իրավիճակում արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն։ Եթե ճգնաժամը քաղաքական միջոցներով չհաղթահարվի, ինչի հնարավորությունը դեռ կա, ապա ճանապարհ է հարթվելու նախկինների ռևանշիզմի կամ «մաուզերիստական» դրսևորումների համար, ինչն, ըստ էության, կործանարար կարող է լինել մեր պետության համար։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version