Site icon politcom

«Ֆեյք» գործի աբսուրդը․ գահավիժում ենք անցյալ

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին «ավանդույթ» էր ընդդիմադիրներին տարբեր պատրվակներով ազատությունից զրկելը՝ հանրահավաքներին ընդառաջ։ 2018-ի հեղափոխություն/իշխանափոխությունից հետո քիչ բան է փոխվել, վերջին օրերի իրադարձությունները դա ապացուցում են կոնկրետ փաստերով։
Հարթակային ընդդիմության հանրահավաքից մեկ օր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջի գործով մեղադրյալ էր ներգրավել Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և հանրության լայն շրջանակներին անհայտ Արամ Սարգսյանին և միջնորդել դատարանին կալանավորել նրանց:
Դատարանը «կոմպլեմենտար» մարտավարություն ընտրեց՝ Սաղաթելյանին ու Սարգսյանին կալանավորեց, Բեքարյանին ու Ավագյանին ազատ արձակեց։
Սրանից խնդրի էությունը չի փոխվում, որովհետև քաղաքական ակնհայտ ենթատեքստ ունեցող քրեական գործը շարունակում է հարուցված մնալ, իսկ երկու մարդիկ կալանքի տակ են՝ քաղաքական դրդապատճառներով։
Այսպես ասած՝ «Ֆեյքի» գործն ինձ համար ակնհայտ ֆեյք է՝ չհիմնավորված, չմարսված։
Գործի չորս ֆիգուրանտներից Արիկ Սաղաթելյանին ճանաչում եմ շատ վաղուց ու կարծում եմ՝ բավականին լավ, ու չեմ կարծում, թե նա կարող էր նման հանցագործություն կատարել։ Նույն կարծիքին եմ նաև Կարեն Բեքարյանի մասին, նրա հետ մի քանի շփումները ինձ մոտ կարծիք է ձևավորել, որ գործ ունեմ մտավորական, կիրթ մարդու հետ։
Մյուս երկուսին չեմ ճանաչում ու ոչինչ ասել չեմ կարող։
Սակայն առնվազն վատ եմ զգում, ամաչում եմ, որ իմ երկրի ԱԱԾ-ն կարող է զբաղվել նման կարգի գործերով, անհեռանկար ժամավաճառությամբ՝ էապես հարվածելով Հայաստանի հեղինակությանը։
Մարդկանց բռնել ու կալանավորել միայն այն բանի համար, որ հայտնի ֆեյքի օգտագործած VPN-ից են օգտվում՝ մեղմ ասած, արդարադատության ծաղր է։
Կարևոր չէ՝ որս, ինչ քաղաքական դիրքորոշում, համախոհություն և տարաձայնություններ ունենք, բոլորս պետք է պահանջենք անհապաղ ազատ արձակել այս գործով կալանավորված մարդկանց՝ մեր ազատությունների դեմ ոտնձգություններ ու դրանց նոր դրսևորումներ թույլ չտալու նպատակով։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version