Site icon politcom

Նիկա Մելիան ձերբակալվեց, անհանգիստ վիճակ Թբիլիսիում

Այսօր` փետրվարի 23-ին Թբիլիսիում հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է երկրի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած կուսակցության բոլոր շենքերում հատուկ նշանակության ջոկատները գործողություններ են իրականացրել: Ընդդիմության համակիրները հավաքվում են տեղում, իրավիճակը լարված է:
Ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան ներգրավված է 2019 թվականի հունիսի 20-ին անկարգությունների կազմակերպման գործում: Մելիան հրաժարվել է վճարել վերանշանակված գրավը: Դատախազությունը պահանջել է քննության ընթացքում նրան կալանքի տակ պահել: Փետրվարի 17-ին դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը:
Ընդդիմության առաջնորդի ձերբակալությունը գրեթե կանխորոշված էր, երբ վարչապետ դարձավ Իրակլի Ղարիբաշվիլին, որն այսօր Նիկա Մելիային «հանցագործ» է անվանել և հայտարարել է, որ նրան ձերբակալել են խորհրդարանի վրա հարձակում կազմակերպելու համար, որով փորձում էին ստուգել պետության հզորությունը:
Սակայն Վրաստանի վարչապետի կարծիքն ամենևին էլ չեն կիսում երկրի արևմտյան դաշնակիցները։
Վրաստանը, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, պատգամավոր Նիկա Մելիային ձերբակալելով, եվրատլանտյան ընտանիքին պատկանող պետությունների ժողովրդավարական ուղուց հետքայլ է կատարել։ Այս մասին ասվում է այսօր Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ուժայինների կողմից «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային ձերբակալելուց հետո, խոստացել է հաղթանակի հասցնել ընդդիմության պայքարը իշխանությունների դեմ:
Նախկին նախագահի կոչից հետո Վրաստանի ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները, որոնք բողոքի ցույց են իրականացնում Թբիլիսիում, արգելափակել են խորհրդարանի շենքի հարակից Ռուսթավելի պողոտան:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version