Site icon politcom

Սկանդալ․ կհայտնվե՞նք ԱՄՆ «սև ցուցակում»

2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:
Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավելի վաղ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում: «Այն փոխանցվել կամ վաճառվել է Իրանին դեռևս անհայտ հանգամանքներում և զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխանությունները թույլատրել դա, հաշվի առնելով Իրանի դեմ գործող միջազգային սանկցիաները: Ինքնաթիռն օրեր առաջ պետք է վայրէջք կատարեր Հայաստանում, սակայն իջեցվել է Թեհրանում:
Զուտ հիշեցնեմ, որ ցանկացած ընկերություն (պետություն), որը Իրանին կփոխանցի կամ կվաճառի այն ապրանքատեսակները, որոնք արգելված են ամերիկյան օրենսդրությամբ, կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ»,-գրել է նա:
Թեմային անդրադարձել է նաև վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ Նա նշել է, որ Տալլինից թռած ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Երևանում, բայց «տեխնիկական անսարքության հետևանքով» հայտնվել է Թեհրանում։
Զավեշտ այն է, որ ՔԱԿ-ն, ըստ էության, չի հերքում ինքնաթիռի «անհետացման» փաստը, սակայն պետական այս կառույցի բացատրությունները, մեղմ ասած, ավելի են խորացնում անորոշությունը։ Այս պարագայում խնդիրը շատ ավելի գլոբալ է ու չի կարող սահմանափակվել սովորական փնթիությամբ կամ կասկածելի գործարքով, որովհետև Հայաստանը կարող է հայտնվել իրանա-ամերիկյան բարդ հարաբերությունների խճանկարում, էլ չեմ խոսում այն մասին, որ եթե իրական լինեն Boeing 737-ի՝ Իրանին փոխանցման կամ վաճառքի մասին կասկածները, ապա Հայաստանը կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների «սև» ցուցակում։ Ավելորդ է ասել, որ բարդ իրավիճակում հայտնված Հայաստանի համար ինչպիսի աղետալի հետևանքներ կունենան ամերիկյան հնարավոր պատժամիջոցները, ընդ որում՝ խոսքը ոչ միայն տնտեսական, այլ նաև, գուցե առաջին հերթին՝ քաղաքական հետևանքների մասին է։
Մնում է հուսալ, որ Boeing 737-ն «անհետացել» է տեխնիկական պատճառներով և շուտով կվերադառնա Երևան։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version