Իշխանության և ընդդիմության «համերաշխությունը»

Հայաստանի ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ ծավալուն հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի»  լրատվական գործակալությանը։ Ուշագրավ է, որ նախարարը համառորեն խուսափում է հայկական ԶԼՄ-ների հարցերին պատասխանելուց, սակայն ծրագրային հարցազրույց է տալիս ռուսական առաջատար գործակալությանը, ընդ որում՝ հանդես գալով մի քանի վիճահարույց պնդումներով։
Հարցազրույցում նա հայտնել է, որ Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում:
«Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի Զինված ուժերի հավելյալ զորամիավորման տեղակայմանը, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունն առանձնապես չկա: Բացի այդ, կարգավորող իրավական դաշտը, որը ներկա պահին առկա է մեր պետությունների միջև, կարգավորում է միայն մեկ ռուսական բազայի գործունեությունը»,- ասել է Հարությունյանը:
Հայկական կողմը, ըստ նախարարի, շահագրգռված է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ներուժի ընդլայնմամբ և զարգացմամբ:
Ավելի պարզ, Երևանն ու Մոսկվան դիտարկում են Գյումրիի 102-րդ ռազմաբազայի մաս կազմող որոշակի զորամիավորումը Հայաստանի արևելքում վերատեղակայելու հավանականությունը:
Եթե դուրս գանք դիվանագիտական ձևակերպումների լաբիրինթոսից, ապա Հայաստանում ռուսական երկրորդ ռազմաբազա չի ստեղծվելու, սակայն գործող ռազմաբազան ընդլայնվելու է և իր գործունեությունն իրականացնելու է նաև Սյունիքում։
Սա էապես չի փոխում խնդրի էությունը, որովհետև խոսքն, ի վերջո, գնում է Հայաստանում ռուսական ազդեցության մեծացման, ոչ թե դրա ֆորմալ ձևակերպումների մասին։ Թերևս, սա է պատճառը, որ Վաղարշակ Հարությունյանն այդ «ավետիսն», առաջին հերթին, փոխանցում է ոչ թե հայկական, այլ՝ ռուսական ԶԼՄ-ներին։
Այստեղ խիստ սկզբունքային է այն հարցի պատասխանը, թե ո՞րն է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդլայնման, այսպես ասած, ռազմաքաղաքական մոտիվը՝ հայ-ռուսական դաշնակցությո՞ւնը, թե Նոյեմբերի 9-ի տրամաբանությունը կամ ռուս-թուրքական գլոբալ պայմանավորվածությունները։
Առայժմ վաղաժամ է դատողություններ անել, մյուս կողմից՝ Հայաստանի քաղաքական համակարգի սեգմենտներին այս հարցը, թերևս, չի հետաքրքրում։ Օրինակ, Վաղարշակ Հարությունյանին կարելի է քննադատել ռուսամետ շեշտադրումների համար, սակայն դժվար չէ նկատել, որ այս հարցում իշխանություններն ու նրան անհաշտ քննադատող, վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմությունը խիստ «համերաշխ» են։ ԲՀԿ-ն պարբերաբար հանդես է գալիս հայ-ռուսական հարաբերություններն ավելի խորացնելու, ինտեգրացիայի նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտության մասին հայտարարություններով։ «Լուսավոր Հայաստանը» դեռ դեկտեմբերին առաջարկում էր երկրորդ ռուսական ռազմաբազա հիմնել Սյունիքում ու այս դիրքորոշման համատեքստում ՊՆ նախարարի հարցազրույցը կարելի է նույնիսկ հավասարակշռված ու բալանսավորված համարել։
Հայաստանում երբեք այսքան անտագոնիստական, բայց միևնույն ժամանակ՝ «համերաշխ» քաղաքական համակարգ չի եղել։ Ինչո՞ւ են քաղաքական տաբեր սեգմենտներ երկրի ներսում միմյանց դեմ բարիկադներ կառուցում, եթե բոլորը միասին ու հաճույքով «տրվում» են Մոսկվային։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր