Site icon politcom

Ընդդիմության շտապ հավաք․ ի՞նչ է սպասվում երեկոյան

Կայքերի տեղեկություններով՝ այս պահին ՀՅԴ գրասենյակում հավաքվել են 16 կուսակցությունների առաջնորդները՝ Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյան․․․
Ըստ տեղեկությունների՝ քննարկում են այսօրվա հավաք-երթի մանրամասները: Վերջիններս քննարկում են այսօրվա հավաքի անելիքները և ցանկանում են բազմամարդ երթ իրականացնել:
Ընդդիմության առավոտյան ակցիան ակնհայտորեն ձախողվեց․ հավաքված 200-300 ցուցարարները չկարողացան խանգարել Նիկոլ Փաշինյանի տեղաշարժին։ Իհարկե, իշխանությանը «կայունությունը» հաջողվեց ապահովել մեծաքանակ ոստիկանների շնորհիվ, որոնք բերման ենթարկեցին մի քանի տասնյակ մարդու։
Սակայն լոկալ միջադեպերից ու դրվագներից անցում կատարենք ավելի գլոբալ հարթություն և արձանագրենք, որ վերջին օրերին էապես կոշտացել են իշխանության և ընդդիմության հռետորաբանությունը ու վարքագիծը, ինչը քաղաքացիական բախումների ռիսկեր է ծնում, մանավանդ, գործող իշխանությունն ու հարթակային ընդդիմությունը չունեն հանրային վստահության ռեսուրս։
Շաբաթ օրվա հանրահավաքում Վազգեն Մանուկյանը դարձյալ հնչեցրեց ապստամբության թեզը՝ բավականին անհաջող ձևակերպմամբ, ինչին նույնքան անհաջող պատասխան տվեց «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, բացի այդ՝ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուի հայտարարության առթիվ հարուցվեց քրեական գործ։
Երեկ ամբողջ օրը հարթակային ընդդիմության ներկայացուցիչները գեներացնում էին ցանկացած գնով իշխանափոխության հասնելու վտանգավոր թեզը, ինչին այսօր առավոտյան հաջորդեց ոստիկանության կողմից ոչ իրավաչափ ուժի կիրառումը Հանրապետության հրապարակում։
Քաղաքական ճգնաժամը ռեսուրսային պայքարով, իշխանության և ընդդիմության փոխադարձ կոշտ հռետորաբանությամբ, ընդդիմության սադրանքներով կամ իշխանության ռեպրեսիաներով հաղթահարվել չի կարող, մանավանդ, երբ հասարակությունը բարիկադների վրա չէ ու, մեծ հաշվով, դիտորդ է այս հակադրության մեջ։
Մնում ենք այն հաստատ համոզմանը, որ քաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ բանալին մնում են արտահերթ ընտրությունները, հակառակ պարագայում՝ էսկալացիան կարող է բերել ֆորս-մաժորային իրավիճակների, որոնք կարող են լափել պետական, քաղաքական համակարգերի վերջին ռեսուրսները։
Իշխանությունները և հարթակային ընդդիմությունը պետք է սթափվեն, քանի դեռ ռուբիկոնը չեն անցել։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version