Site icon politcom

Քանի Սաշիկը խոսում է, Նիկոլը պինդ կմնա իր տեղում

Երեկ «Հայրենիքի փրկության շարժման» երթի մասնակիցների թվում եղել է նաև Սերժ Սարգսյանի ոչ անհայտ եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը։ Նրա անունը երբեք, նույնիսկ եղբոր նախագահության տարիներին, քաղաքականության հետ չի ասոցացվել։
Այս հիշեցումը, թերևս, վերաբերում է այսօրվա հարթակային ընդդիմությանը, որի քաղաքական օրակարգի ու բովանդակության բացակայության մասին քանիցս հրապարակավ գրել ենք։
Սաշիկ Սարգսյանը, ում անունը կապվում է «50/50»-ի հետ, երեկ ձևակերպել է նաև քաղաքականության հետ իր կապը։ «Նիկոլ Փաշինյանը ավելի կոռումպացված է»,- ասել է երրորդ նախագահի եղբայրը։
Մարդու խոսքը երբեմն բացահայտում է նրա միտքը, արժեհամակարգը։ Սաշիկ Սարգսյանը ոչ թե իր կամ իր եղբոր վրայից է մաքրում կոռուպցիայի մեղադրանքը, այլ ալիբի է ձևակերպում՝ «ավելի կոռումպացված» Փաշինյանին հիշելով։
Իրականում՝ Սաշիկ Սարգսյանի բերանով բացահայտվում է այսօրվա հարթակային ընդդիմությունը։
Նախկին համակարգի հետ ասոցացվող ու երեք տարի առաջ հասարակության կողմից մերժված այս սեգմենտը չի ապաշխարում, չի խոստանում, որ չեն կրկնվի նախկինում գործված սխալները, առհասարակ՝ չի ընդունում, թե անցած քսան տարիներին ձախողել է պետության քաղաքականությունը։
Ավելորդ է խոսել քաղաքական ռեբրենդինգի մասին, որովհետև այս մարդիկ չեն էլ հասկացել, որ երեք տարի առաջ ոչ թե դավադրության զոհ են դարձել կամ իշխանությունից զրկվել են Նիկոլ Փաշինյանի կամքով, այլ մերժվել են հասարակության կողմից։
Նրանք հիմա ուզում են վերադառնալ, սակայն ոչ այն պատճառով, որ հասկացել են իրենց սխալները կամ երկրի զարգացման տեսլական ունեն, այլ Նիկոլի նման աշխարհը բաժանում են «սև» ու «սպիտակ
գույների։ Նրանց քաղաքական պրիմիտիվությունը հանգեցնում է նրան, որ մտածում են, թե պատերազմը «սևացրել» է Փաշինյանին ու վերջինիս համատեքստում իրենք այլևս «սպիտակ» են երևում։
Սաշիկ Սարգսյանն անցած երկու տարիներին չէր խոսում, հիմա խոսում է, որովհետև կարծում է, որ Փաշինյանի կապիտուլյացիայի ֆոնին ինքը հրեշտակ է դարձել։ Հենց այստեղ էլ Սարգսյանը ու նախկին համակարգի բազմաթիվ կարկառուններ սխալվում են, որովհետև ժողովրդի հիասթափությունը Փաշինյանից չի կարող փոխակերպվել նախկինների նկատմամբ սիրո ու վստահության։
Ավելին, քանի Սաշիկը խոսում է, Նիկոլը պինդ կմնա իր տեղում։ Այս երկուսի համեմատությունը հաստատ նախկին նախագահի եղբոր օգտին չէ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version