«Իսկանդերի» «փոթորիկը»

Երեկ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:
Նվեր Մնացականյանը Փաշինյանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրե՞ն է ուղղված, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է, որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, – խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝  այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:
Փաշինյանի այս հայտարարությունն, ըստ էության, սենսացիոն է․ նա կասկածի է տակ է դնում Հայաստան մատակարարված կարևորագույն սպառազինության, նրա հրթիռների որակը։ Կանխատեսելի էր, որ գործող վարչապետի այս հայտարարությունը նրա դեմ կոնսոլիդացնելու է ռուսական քաղաքական, փորձագիտական, մեդիա սեգմենտների ներկայացուցիչներին, մեր ընդդիմությանը։
Այդպես էլ եղավ, մնում է հասկանալ, թե ինչո՞ւ Փաշինյանը հանդես եկավ նման հայտարարությամբ, որն, անկասկած, նրա դեմ է տրամադրելու նաև ռուսական վերնախավի մի մասին։
Արդյո՞ք Փաշինյանն անուղղելի դիլետանտ է ու պատերազմի պարտության պատասխանատվությունն իր վրայից «մաքրելու» համար՝ հիմա էլ թիրախավորեց «Իսկանդերին» կամ Մոսկվային։ Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա Փաշինյանն «արջի ծառայություն» է մատուցել ինքն իրեն, որովհետև Հայաստանում այժմ շատ մեծ է ռուսական ազդեցությունը, որը կարող է հեշտությամբ գործել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, մանավանդ, վերջինս չունի հանրային լայն աջակցություն։
Սակայն եթե լուրջ վերաբերենք Փաշինյանի դիլետանտիզմի թեզին, ապա կստացվի, որ այն հակադրության մեջ է մտնում ընդդիմության մեկ այլ թեզի հետ, որի համաձայն՝ Փաշինյանն ամեն ինչ «վարպետորեն» անում է՝ սեփական իշխանությունը երկարաձգելու համար։
«Իսկանդերի» թեման, սակայն, բումերանգի ազդեցություն ունի, Փաշինյանը չէր կարող չհասկանալ այդ մասին՝ ինչքան էլ դիլետանտ ու ռազմական գործից անտեղյակ լիներ։
Ենթադրելի է, որ «Իսկանդերն» ընդամենն առիթ է ու դրա հետ կապված Փաշինյանի հայտարարությունն ավելի շատ ուղղված է Սերժ Սարգսյանի դեմ։ Գոնե այնպիսի տպավորություն է, որ Սարգսյանի վերջին հարցազրույցից ու բացահայտումներից հետո Փաշինյանը հասկացնում է, որ ինքն էլ շատ բան ունի երրորդ նախագահին ասելու՝ նրա պաշտոնավարման ընթացքում ձեռք բերված սպառազինության որակի մասին։ Պատահական չէ Փաշինյանի ակնարկը՝ «մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի» ձևակերպմամբ։
Համենայն դեպս, եթե ռուսական արձագանքը մնա մի քանի պատգամավորների ու լրագրողների մակարդակին, ապա ակնհայտ կդառնա, որ «Իսկանդերի» «փոթորիկն» ունի ներքաղաքական համատեքստ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր