Site icon politcom

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը

Երկրում քաղաքական ճգնաժամը հասել է գագաթնակետին՝ ծնելով քաղաքացիական բախումների, անգամ՝ արյունոտ սցենարների վտանգ։
Հետպատերազմյան ամիսներին իշխանությունն ու հարթակային ընդդիմությունը հանդես չեկան քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն միտված ռացիոնալ օրակարգով, ինչի հետևանքով հասարակությունն օտարվեց քաղաքական գործընթացից՝ երկրում ստեղծելով ֆորս-մաժորային իրավիճակ։
Ըմբռնումով ենք մոտենում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը, դրանում արտահայտված մտահոգություններին, միևնույն ժամանակ՝ վստահ ենք, որ ճգնաժամի հաղթահարումը հնարավոր է բացառապես քաղաքական, սահմանադրական գործիքակազմով։ Ներքին հակադրության բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ ցնցումներից ու մարդկային կորուստներից խուսափելու նպատակով։
Քաղաքական ճգնաժամը կարող է հաղթահարվել բացառապես քաղաքական դաշտում՝ բանակցությունների ու կոմպրոմիսների ճանապարհով։
Հայաստանը չի կարող հանդուժել այսօրվա անորակ կառավարումը, սակայն նաև՝ ռազմական հեղաշրջման կամ հին համակարգի ռեստավրացիայի որևէ փորձ։
Քաղաքական և հանրային բոլոր սեգմենտները պետք է բանակցությունների միջոցով համաձայնություններ ձևավորեն՝ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու և որակապես նոր իշխանություն ձևավորելու օրակարգի շուրջ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version