Ալիևը շարունակում է ծաղրել Փաշինյանին

Այսօրվա մեծ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԼՂ խնդրի վերաբերյալ հանդես է եկել մի շարք հայտարարություններով։
Նա ասել է, որ Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ և չի բացառում խաղաղության պայմանագրի ստորագրումը: Սակայն Ադրբեջանի նախագահը հանդես է եկել այս հայտարարությանը հակասող պնդումով՝ նշելով, թե իբրև Բաքուն վերադարձրել է բոլոր հայ գերիներին ու իր մոտ պահում է միայն դիվերսանտներին։ Այս հայտարարությունն ակնհայտորեն հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։
ԼՂ կարգավիճակի վերաբերյալ նույնպես Ադրբեջանի նախագահը չի փոխել իր դիրքորոշումը։
Ալիևը հայտարարել է, որ «կարգավիճակի հարցը պետք է ամբողջովին հանվի օրակարգից և  ընդհանրապես չպիտի օգտագործվի Լեռնային Ղարաբաղ հասկացությունը, քանի որ և՛ լեռնային, և՛ դաշտային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն են»:
Նա նշել է նաև, որ «հայկական կողմի համար էլ ձեռնտու կլինի հնարավորինս հազվադեպ նշել Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն լուծված է», և դա Ադրբեջանի դիրքորոշումն է:
«Ադրբեջանը հակամարտության կողմերից մեկն էր, և մեր դիրքորոշումն այն է, որ հակամարտությունն արդեն ավարտվել է: Դա հաստատվում է նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությամբ», -ասել է Ալիևը:
Արձանագրենք, որ այս հարցում էլ Ալիևը հակադրության մեջ է պաշտոնական Երևանի և համանախագահների դիրքորոշումների հետ, համաձայն որոնց՝ ԼՂ խնդրի քաղաքական կարգավորումը դեռ առջևում է։
Ի դեպ, այսօրվա ասուլիսում Ադրբեջանի նախագահը շարունակել է ծաղրել Նիկոլ Փաշինյանին։
Իլհամ Ալիևն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ժամանակ ռուսական «Իսկանդեր» համակարգը չի կիրառվել՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերը որակելով «անեկդոտային»։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր