Site icon politcom

Ո՞վ է «դատավճիռ» կայացնողը․ արտահերթ ընտրությունները՝ միակ ելք

Հետպատերազմյան երեք-չորս ամիսներին Հայաստանի գործող իշխանությունն ու հարթակային ընդդիմությունը ցուցաբերեցին աններելի քաղաքական անկյալություն, ինչն, ի վերջո, հանգեցրեց քաղաքական ճգնաժամի նոր որակի, որի արտահայտությունը դարձավ Գլխավոր շաբի երեկվա հայտարարությունը, ինչի պատճառով Հայաստանն այլևս նույնանում է մի երկրի հետ, որտեղ քաղաքական համակարգի սնանկության համատեքստում զինվորականությունը հեղաշրջման նկրտումներ ունի։
Եթե Նիկոլ Փաշինյանը, որը դեկտեմբերի վերջին շրջանառու դարձրեց արտահերթ ընտրությունների օրակարգը, քաղաքական հետևողականություն ցուցաբերեր ու քաղաքական կոնյուկտուրային տուրք չտար, ապա հիմա Հայաստանում որակապես նոր իրավիճակ կլիներ։ Արտահերթ ընտրությունները միակ ելքն են, որոնք թույլ կտան հանգուցալուծել համապարփակ քաղաքական ճգնաժամը, ընդ որում՝ մարգինալացնելով բոլոր այն ուժերին, որոնք մերժում են ընտրությունների ճանապարհով փոփոխությունների հասցնելու ճանապարհը։
Բայց նույնիսկ երեկ Փաշինյանը քաղաքական հստակ դիրքորոշում չհայտնեց ու հրապարակում հավաքված մի քանի հազար մարդկանց արձագանքից ելնելով՝ մի քանի անգամ փոխեց արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ իր դիրքորոշումները։ Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական ադեկվատության պակաս, ո՞ւմ էին պետք երեկվա հանրահավաքն ու երթը, եթե կարելի էր ընդունել ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության առաջարկությունը ու հենց դրա ժամանակ հայտարարել, որ իշխանությունը մտադիր է արտահերթ ընտրություններ անցկացնել։
Կամ, ի՞նչ է անում «փրկիչների» ընդդիմությունը։
Երեք- չորս ամիս տարբեր խուճուճ ձևակերպումներով մերժում է արտահերթ ընտրությունների գաղափարը ու հրապարակ է բերում իշխանությունը «վերցնելու» տարբեր ծրագրեր։ Հիմա էլ Վազգեն Մանուկյանն ասում է, որ Փաշինյանը չի գիտակցում, թե ինչ է նշանակում Գլխավոր շտաբի պահանջը, «սա դատավճիռ է»։ Պատկերացնո՞ւմ եք՝ հարթակային ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուին ինչքան է ոգևորել ռազմական հեղաշրջման սցենարը, մանավանդ, որ «դատավճռի» երկրորդ կետով ինքը կարող է դառնալ վարչապետ։
Գործող իշխանության և հարթակային ընդդիմության քաղաքական անմեղսունակությունն ավելի է ընդգծում քաղաքական ճգնաժամի փակուղայնությունը։ Միակ հույսը երկուսին էլ արհամարհող հասարակությունն է ու այն հույսը, որ հնարավոր արտահերթ ընտրություններում ժողովուրդը կկայացնի իր «դատավճիռը»։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version