Site icon politcom

«Իսկանդերի» բլեֆը

Պատերազմի օրերին «Իսկանդերի» օգտագործման մասին Հայաստանում միայն Նիկոլ Փաշինյանը չի խոսել։ Նա վերջինն է խոսել՝ ԳՇ ներկա ու նախկին պետերից, երրորդ նախագահից և մյուսներից հետո։

Ռուսները երեկ «սխալ» հանեցին միայն Փաշինյանին, սակայն նրանց մատուցած «ճիշտն» այնքան էլ արժանահավատ չի թվում, որովհետև ստացվում է՝ «մոլորության մեջ են գցել» ոչ միայն «դիլետանտ» Փաշինյանին, այլ նաև՝ «փորձառու» Սերժ Սարգսյանին ու զինվորականությանը։

Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ չի կիրառել իր սպառազինման կազմում ընդգրկված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից՝ նշելով, որ «տարակուսանքով և զարմանքով» են ծանոթացել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «չպայթած կամ 10 տոկոսով պայթած» հրթիռների մասին:
«Մեր տիրապետության տակ գտնվող օբյեկտիվ և հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այդ տեսակի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ: Հրթիռների ողջ զինապահուստը գտնվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստներում: Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա ոչ ճիշտ տեղեկություն է օգտագործել»,- հայտնել են գերատեսչությունից:

Հետաքրքիր է՝ ո՞վ է «մոլորության» հեղինակը, եթե անգամ զինվորականներն են խոսել «Իսկանդերի» օգտագործման մասին։

Այնպիսի տպավորություն է, որ «Իսկանդերի» պատմությունը մոլորություն է՝ ծայրից-ծայր։

«Իսկանդերը» կամ դրա մասին Փաշինյանի անհաջող արտահայտությունը շարժեց մեր ԳՇ-ի թասիբը։ Հա, հա, հենց «Իսկանդերը» շարժեց նրանց թասիբը․ Օնիկ Գասպարյանն ու մյուս զինվորականները Փաշինյանի հրաժարականը պահանջեցին ոչ թե տարածքների կորստից ու հազարավոր հայորդիների նահատակությունից, ամոթալի կապիտուլյացիայից, այլ՝ «Իսկանդերի» մասին վարչապետի գրագետ կամ անգրագետ հայտարարությունից հետո։

«Իսկանդերը» ներդաշնակեցրեց ԳՇ-ի ու «փրկիչների» օրակարգերը, իսկ Մոսկվայից, թե բա՝ «մոլորություն» է։ Կարո՞ղ է վերջում պարզվի, որ «մոլորված» են նաև Վազգեն Մանուկյանն ու նրա թիմը, որոնց երեկվանից թվում է՝ ռուսական «դաբրոն» արդեն ստացել են։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version