Site icon politcom

Հարթակային ընդդիմության հույսը՝ Արմեն Սարգսյան

Ի՞նչ կաներ նորմալ ընդդիմությունը, եթե ԶՈւ Գլխավոր շտաբը հանդես գար երկրի ղեկավարի հրաժարականի պահանջով։ Եթե խոսում ենք կայացած ժողովրդավարության մասին, ապա հանդես կգար սահմանադրական կարգի պահպանության դիրքերից՝ բացառելով բանակի հնարավոր մասնակցությունը քաղաքական գործընթացներին, միևնույն ժամանակ՝ կպահանջեր արտահերթ ընտրություններ, եթե համոզիչ փաստարկներ ունենար, որ քաղաքական և զինվորական իշխանությունների հակադրությունը առաջինի անորակ կառավարման հետևանք է։
Այդպես պետք է վարվեր նաև հայաստանյան ընդդիմությունը, եթե ունենար քաղաքական բովանդակություն և օրակարգ, որը կոնսոլիդացնում է հասարակությանը։
Սակայն այսօրվա հրապարակի ուժը չունի դասական ընդդիմության հատկանիշներից և որևէ մեկը ու հույսը դրել է զինվորականության վրա, որին, ի դեպ, ընդամենն օրեր առաջ համարում էր կապիտուլյանտական՝ նույն շարքում դասելով Նիկոլ Փաշինյանի հետ։
Մեր պահանջը ՀՀ նախագահից մեկն է՝ արագ և միանշանակ լուծում տալ մեր երկրում ստեղծված աննորմալ իրավիճակին․ Բաղրամյան պողոտայում՝ «Հայրենիքի փրկության շարժման» այսօրվա հանրահավաքի ընթացքում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը։
«Այսօր նախագահի ձեռքում է մեր երկրի ապագան։ Մենք նրան ներկայացրել ենք մեր առաջարկություններն ու պահանջը, այն է՝ նախագահը՝ որպես Սահմանադրության երաշխավոր, իրականացնի իր սահմանադրական լիազորությունները, չստորագրի ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը»,-ասել է նա։
Պատկերացնո՞ւմ եք ընդդիմություն, որը ճակատագրական է համարում նախագահի մի ստորագրություն, չունի քաղաքական մանևրի ու հասարակությանը կոնսոլիդացնելու այլ ռեսուսրներ։
«Ես համոզված եմ, որ բանակը պետք է ոտքի կանգնի, եթե չկանգնի, մենք պետք է ոտքի կանգնեցնենք»,- քիչ առաջ հայտարարել է Վազգեն Մանուկյանը՝ ակամայից խոստովանելով, որ հարթակի ընդդիմության հույսը ոչ թե հանրային աջակցությունն է, այլ՝ բանակի միջոցով իշխանության գալը։
Ուզածդ դեմոկրատական երկրում նման հայտարարություններից հետո ոչ թե իշխանություն, այլ միանգամայն այլ հաստատություն գնալու հայտ են ներկայացնում։
Սակայն սա է մեր ընդդիմությունը ու հենց դրա շնորհիվ էլ իշխանությունը պահպանում են ամբողջովին ձախողված ու երկիրը ճգնաժամի առաջ կանգնեցրած Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version