Բոլորը շունչները պահած սպասում էին Արմեն Սարգսյանի որոշմանը, ով կամ պետք է բավարարեր Նիկոլ Փաշինյանի միջնորդությունն ու պաշտոնից ազատեր ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, կամ էլ՝ հետ վերադարձներ առաջարկությունը։
«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքն ընդմիջվել էր, որովհետև տեղեկատվություն ունեին, որ Արմեն Սարգսյանը որոշումը կայացնելու է մինչև ժամը 18-ը։
Այդպես էլ եղավ․ ժամը 18-ին Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը, այն հետ է ուղարկվել կառավարություն։
Սրանից խնդրի էությունը չի փոխվում, ճակատագրական այս սպասումը հուշում էր, թե ինչպիսի սնանկ վիճակում է գտնվում մեր քաղաքական համակարգը։
Նիկոլ Փաշինյանը մտավախություններ ունի, որ եթե Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը տեղի չունենա, ապա ինքն օրերի ընթացքում կարող է կորցնել իր վերահսկողությունը նաև ուժային մյուս կառույցների հանդեպ, փաստորեն, կորցնելով իշխանությունը։ Այլ խոսքով, Փաշինյանը հույսը դրել է ոչ թե քաղաքական լուծումների, այլ՝ ուժայինների վրա։
Հարթակային ընդդիմությունը կորցրել է հեղափոխության ճանապարհով իշխանության գալու բոլոր հնարավորությունները և դարձյալ հույսը դրել է բանակի կամ ուժայինների խռովության վրա՝ ակնկալելով բաղձալի նպատակին հասնել «պուտչի» միջոցով։ Պատահական չէ, որ քիչ առաջ Վազգեն Մանուկյանը հարթակից կոչեց մյուս ուժայիններին՝ միանալ ԶՈւ ԳՇ-ին։
Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը պետք է հեռանան, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Ռազմական հեղաշրջման, բանակի ապստամբության թեզեր առաջ քաշողները որևէ կապ չունեն իրական ընդդիմության հետ ու սպասարկում են բացառապես օտար մայրաքաղաքում մշակված սցենարներ։
«Ճակատագրական սպասում»․ Օնիկ Գասպարյանը դեռ կմնա պաշտոնում
