Արտահերթ ընտրությունների պահանջ

Այսօր առավոտից մարդկանց դեմքերին տագնապ ենք տեսնում։
Գերլարված քաղաքական իրավիճակում Երևանում զուգահեռաբար տեղի են ունենալու երեք հանրահավաքներ․ Նիկոլ Փաշինյանը, «Հայրենիքի փրկության շարժումը», «Սասնա ծռերը» բոլոր մեղքերում քննադատելու են միմյանց ու առավելագույնը մոբիլիզացնելու են իրենց կողմնակիցներին։
Նույնիսկ ամենաստանդարտ իրավիճակներում և ամենադեմոկրատական երկրներում կան բախումների ռիսկեր, երբ զուգահեռաբար ընթանում են քաղաքական հակադրության տարբեր բևեռների զանգվածային միջոցառումներ, էլ չենք խոսում այսօրվա Հայաստանի մասին, որտեղ քաղաքական հակառակորդների հռետորաբանությունը վաղուց հատել է «կարմիր գիծը» ու անգամ աննշան մի իրադարձություն կարող է քաղաքացիական բախումների պատճառ դառնալ։
Բոլորիս տագնապների մյուս պատճառը քաղաքական սիմվոլիզմն է։ 13 տարի առաջ այս օրը Երևանում տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ՝ դառնալով տասը անմեղ քաղաքացիների մահվան պատճառ։
Սակայն ճգնաժամը, փակուղին միշտ հաղթահարելի է, երբ առաջ են քաշվում քաղաքական լուծումներ, օրակարգ։
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը քաղաքական առումով առ ոչինչ կլինի, եթե այսօր երկրի թիվ մեկ հրապարակում չհնչի արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին որոշում։
Հարթակային ընդդիմությունը մերժված կմնա հասարակության կողմից, եթե քաղաքական բովանդակության փոխարեն գերակա մնա հին համակարգի ռեստավրացիայի ռևանշիստական օրակարգը։
Այսօր բոլորս պարտավոր ենք բացառել նոր Մարտի 1-ի կրկնությունը՝ օրը եզրափակելով քաղաքական լուծումներով, քաղաքական բովանդակությամբ։
Բանականության և անտագոնիզմի ջրբաժանին մնում է մի քանի ժամ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր