Site icon politcom

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը

Այսօր մեր նորագույն պատմության թերևս ամենաողբերգական օրերից մեկն է: Արդեն տասներեք տարի է` մարտի 1-ը Հայաստանում ասոցացվում է ոչ թե գարնան գալստյան, բնության զարթոնքի, այլ` իշխանության արյունոտ հաշվեհարդարի, սեփական քաղաքացիների դեմ իրականացված ոճիրի հետ: Դժվար է անգամ պատկերացնել, որ որևէ նույնիսկ օկուպացիոն իշխանություն կարող է իր պաշտոնավարման տաս տարիների ընթացքում դառնալ երկու արյունոտ սպանդի, պետականության դեմ ուղղված աննախադեպ հանցագործությունների հեղինակ: Հոկտեմբերի 27-ն Հայաստանի պետական ավագանու, ինքնիշխանության գաղափարն ու արժեքն իր մեջ կրող էլիտայի դեմ ուղղված քայլ էր: Այդ օրը կտրվեց Երրորդ հանրապետության վերջին թելը:

Մարտի 1-ն արյունոտ հաշվեհարդար էր պետականության և ազատության հիմնական ամրոցի` հասարակության դեմ:

Միևնույն ժամանակ` այսօր պայքարի և վճռականության օր է` այն վստահ ու հաստատ գիտակցմամբ, որ Հայաստանը չի վերագտնի իր ազատությունն ու արժանապատվությունը, քանի դեռ ամբողջովին բացահայտված չեն Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը իր վճռական «ոչ»-ն ասում նախկին համակարգին, նրա հետ առնչվող բոլոր ուժերին, որոնք այսօր կրկին հրապարակում են՝ իրենց ռևանշիստական օրակարգով։

Միևնույն ժամանակ, փաստում ենք, որ Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի կրկնության վտանգը միշտ իրական է, երբ քաղաքական լուծումները ստորադասվում են անտագոնիզմին, ընտրական ինստիտուտները՝ ամբոխավարությանը ու վտանգավոր հռետորաբանությանը։

Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք՝ այսօրվա հանրահավաքում հնչեցնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման, դրան հասնելու «ճանապարհային քարտեզի» մասին։ Միայն արտահերթ ընտրությունները թույլ կտան հաղթահարել քաղաքական ճգնաժամը, մարգինալացնել ռևանշիզմը ու նախադրյալներ ստեղծել՝ որակապես նոր իշխանության ու քաղաքական համակարգի ձևավորման համար։

 

01․ 03․ 2021

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version